Փաշինյան․ Ալիևի հետ «ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սա երրորդ հանդիպումն էր, և ինչպես նախկինում, այս հանդիպումն էլ պլանավորված չի եղել, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա Իլհամ Ալիևի հետ երրորդ հանդիպումն է, երրորդ խոսակցությունն է, և նախկինում էլ պլանավորված չի եղել որևէ հանդիպում։ Դուշանբեում, երբ մենք հանդիպեցինք, դրանից առաջ ինչքան հավանականություն կար, որ մենք կհանդիպենք, այնքան էլ հավանականություն կար, որ մենք չենք հանդիպի։ Նույնն էլ Սանկտ Պետերբուրգում, երբ որ մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք։ Այդպես ստացվեց։ Խնդիր կար մշակել պլան, երբ այսպիսի միջոցառումներին, երբ որ երկուսս էլ մասնակցում ենք, ինչպիսին պիտի լինի մեր մոտեցումը, որ առնվազն չխուսափենք միմյանցից», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են և ոչ էլ պաշտոնական զրույցներ։

«Ըստ էության, մենք քննարկում ենք ավելի շատ բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ, ինչ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր, իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան, և ես ուզում եմ ասել, որ ոչ մի էսպես կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու, շփվելու հնարավորություն է, և ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ էդ բանակցություններում, քննարկումներում խոսվում է էն ամենը, ինչ մենք խոսում ենք նաև հրապարակային», - հայտարարեց Հայաստանի վարչապետը: