Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար. Արսեն Թորոսյան

Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը1 միլիոն դրամ արժե: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա եթե կարիք եղավ ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, այնտեղ պետք է լինեն ուռուցքաբանական խորհուրդներ, որոնք պետք է վարեն պացիենտին և այլն, այսինքն որակի պահանջներ ենք դրել։ Այնտեղ վիրահատության համար գումար քաղաքացին չի վճարի։ Ճառագայթային բուժում այս տարի առաջին անգամ Հայաստանում արվելու է պետպատվերի շրջանակներում», - նշեց Թորոսյանը։

Առաջին անգամ Հայաստանում 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր անվճար են տրամադրվել անչափահաս հիվանդներին՝ ծածկելով երկրի ամբողջ պահանջարկը: Իրականացվել է նաև երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Առողջապահության նախարարն ասում է՝ այսպիսի փորձ Հայաստանում դեռ չի եղել: Ներդրվել է նաև մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։ Անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման գործընթացի կազմակերպմանը նույնպես կլինի անվճար:

«Անպտղության պատճառները պարզելուն է ուղղված լինելու հիմնականում և մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը, որովհետև ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ավելի ծախսը արդյունավետ է՝ պարզել պատճառը և լուծել, դա շատ ավելի էժան է և շատ ավելի մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան թե պարզապես մի քանի տասնյակ զույգերի անես արտամարմնային բեղմնավորում», - ընդգծեց առողջապահության նախարարը։

Բժշկական պարտադիր ապահովագրությունն ըստ առողջապահության նախարարի՝ կներդրվի 2021-ից: Նախարարն ասում է՝ տարբեր երկրներում 2-ից մինչև 30 տոկոս է այս նպատակով պահվում աշխատավարձերից: Հայաստանը թերևս ցածր տոկոսներից է նախընտրում սկսել: Այն քաղաքացիներն, ովքեր արդեն ունեն ապահովագրություն, արդյո՞ք զուգահեռ նաև պարտադիրից են օգտվելու՝ այս ու մի շարք հարցեր փաստորեն դեռ քննարկման փուլում են դեռ:

«Սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում, երբ որ առողջ քաղաքացիները վճարում են հիվանդ քաղաքացիների համար հարաբերականորեն, երիտասարդները՝ տարեցների, աշխատողները չաշխատողների համար։ Կան երկրներ, որոնք ունեն երկու տոկոս ապահովագրավճար և կան երկրներ, որոնք ունեն 30 տոկոս։ Կան երկրներ, որ ունեն 2-3 տոկոս՝ Արևելյան Եվրոպայի երկրները։ Մենք ենթադրում ենք, որ պետք է սկսենք մոտավորապես նման տոկոսներից», - նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե մարդիկ դժգոհում են շտապ օգնության կանչերից, ասում են՝ երբեմն նաև կանչը չի էլ ընդունվում: Նախարարն արձագանքեց՝ ծանրաբեռնված են, որովհետև կանչերի զգալի մասը շտապ օգնության կարիք չի ունենում: Ըստ նախարաի խնդիրը պոլիկլինիկաներից է սկսվում, լավ չեն հետևում քրոնիկ հիվանդներին: Որպեսզի շտապ օգնության գերծանրաբեռնվածությունը թեթևենա կներդրվի նոր ծառայություն՝ քրոնիկ հիվանդույուն ունեցող մարդիկ կարող են երեկոյան բժիշկ կանչել տուն:

«Եթե մեր առաջնային օղակը, որը հիմա մենք փորձում ենք ավելի լավա աշխատացնել, լավ աշխատի ու լավ վերահսկի, օրինակ, զարկերակային գերճնշում ունեցող անձանց, շաքարային դիաբետ ունեցող անձանց, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց, էդ հիմնական խմբերն եմ ասում, դեղորայքը ճիշտ նշանակի, իրանց մոտ սրացումները էնքան քիչ կլինեն, որ շտապօգնության կանչ, օրինակ ճնշումը իջացնելու համար չի լինի։ Էդ ընդամենը, բժշկական օգնություն ցուցաբերելու համար, կանչերը կփոխանցվեն թեթև մարդատար մեքենաներով հերթապահություն անող բժիշկներին, որոնք կգնան տուն դեղորայքով, էդ պահին անհրաժեշտ թեթև բուժոգնությունը կցուցաբերեն՝ խորհուրդ տալով, ասենք, վաղը դիմել բժիշկի», - նշեց Թորոսյանը։

Լրագրողներն առողջապահության նախարաին հարցրին՝ երեխաներին միայն քարսիթով ավտոմեքենա նստեցնելու ձեր առաջարկը տարատեսակ դժգոհություններ է առաջացրել մարդկանց շրջանում, նախարարը պատասխանեց՝ մանկական տրավմաների ու մահացության նվազմանը։

«Անցյալ տարվանից սկսել ենք հավաքել վիճակագրությունը մանակական տրավմատիզմի և մահացությունների, բայց նույնիսկ չունենալով ամբողջ հանրապետության համար էդ թվերը, մենք ունենք վիճակագրություն համաշխարհային։ Օրինակ, մինչև չորս տարեկան երեխային ճիշտ քարսիթի մեջ դնելը իջեցնում է 50 տոկոսով տրավմատիզմը, եթե դա վարորդի կողքի դրված նստատեղն է, իսկ եթե հետևի դրված՝ 80 տոկոսով է նվազեցնում», - ընդգծեց նախարարը։

Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ սուր շնչառական վիրուսները նահանջում են, երկրում համաճարակ չկա: Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ այս տարի ավելի շատ մարդ է պատվատստվել, բայց հիմնականում առողջ մարդիկ, քրոնիկ հիվանդները պասիվ են եղել:

Վաղը նախարարությունում քննարկվելու է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների հարցը: Տարիքային շեմն ըստ նախարարի՝ գուցե բարձրացվի, այժմ 9-ից 13 տարեկան աղջիկներին են պատվաստում: