Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի քաղաքական ուժերի հետ և տեղեկացնի, թե ինչ է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ Դավոսում կայացած հանդիպման ժամանակ։
«Այսօր խորհրդարանում երեք քաղաքական ուժ կա, գոնե երեք քաղաքական ուժերի առաջնորդները պետք է տեղյակ լինեն, թե ինչ բանակցություններ են ընթանում, եթե ոչ նաև արտախորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ ևս։ Հետևաբար, եթե գաղտնիք է, հասկանում եմ, որ գաղտնիության ռեժիմ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ այս գաղտնիության ռեժիմի հետ կապված ամբողջական պատասխանատվությունը մնում է իշխանության վրա՝ քննարկումների հետ կապված։ Իսկ այդ տեղեկությունը կիսելով քաղաքական այլ ուժերի հետ, միևնույն ժամանակ պայմանավորվածություն ունենալով գաղտնիության ռեժիմը պահպանել, հնարավոր է նաև այստեղ պատասխանատվության կիսում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց՝ մի գլուխը լավ է, երկու գլուխն ավելի լավ է։
«Հնարավոր է այլ կարծիքներ էլ լսել և այդ կարծիքները նույնպես հաշվի առնել ապագա հանդիպումների ժամանակ։ Որովհետև, տեսեք, միշտ էլ լավ է բանակցել, խոսել, միշտ էլ պարզ է, որ իշխանությունն է թիվ մեկ պատասխանատուն, բայց մի գլուխը լավ է, երկու գլուխն ավելի լավ է, և եթե նման կոնսուլտացիաներ կազմակերպվեն վարչապետի կողմից, մենք էլ մեր կարծիքը փակ ռեժիմով կարող ենք ներկայացնել, որի արդյունքում, կարծում եմ, որ ապագա հանդիպումների ժամանակ նա զինված կլինի նաև այլ քաղաքական ուժերի մոտեցումներով, քանի որ հարցն, ըստ էության, համահայկական բնույթի հարց է և զուտ իշխանության ղեկավարի միայնակ բեռը չէ, կարծում եմ, և սա բոլորիս է վերաբերվում, հետևաբար բոլորս էլ պետք է դրա մասնակիցը լինենք և բոլորս էլ պետք է տեղյակ լինենք այդ բանակցություններից», - ասաց ԼՀԿ ղեկավարը։