«Գազպրոմ Արմենիա»-ի հետ համաձայնել ենք, որ երկրի ներսում գազի սակագինը չի փոխվելու»․ Փաշինյան

«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ի հետ համաձայնել են, որ Հայաստանի ներսում գազի սակագինը չի փոխվի: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավոսում Փաշինյանը այդ մասին ասել է իրենց հետ հարցազրույցում:

Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ»-ը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: «Մեր դերը միջնորդավորված է, բայց մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ համաձայնել ենք, որ երկրի ներսում գազի սակագինը չի փոխվելու», - հավաստիացրել է Հայաստանի ղեկավարը:

Փաշինյանը մասնակցում է Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին: Կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նա հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ չինական, ֆրանսիական, շվեյցարական, ինչպես նաև մասնակցել է ճեպազրույցի, որի ընթացքում պատասխանել է մի շարք հայտնի լրատվամիջոցների, այդ թվում՝ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության լրագրողների հարցերին:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ թանկացնում է Հայաստան մատակարարվող գազը՝ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խորանարդ մետրը վաճառելու է 165 դոլարով՝ նախկին 150 դոլարի փոխարեն: Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ թեև Ռուսաստանը բարձրացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը, սակայն այն կմնա անփոփոխ։

Տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ Հայաստանին մատակարարելու պայմանագիրը ավարտվում է այս տարվա վերջին: Հայաստանի ներսում գազամատակարարումը ապահովում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի բաժմետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ին:

Այս շաբաթ Հայաստանի վարչապետը մեկնում է Մոսկվա, բայց լուրերում չի նշվում, թե նա գազի գինն է քննարկելու:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հաստատել է Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա: Նա լրագրողներին ասել է, որ հունվարի 25-ին Հայաստանի վարչապետը Մոսկվա է այցելելու՝ հանդիպելու Եվրասիական տնտեսական միության կոլեգիային:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանը այդ կոլեգիայի նիստում ելույթ է ունենալու՝ կապված ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը Հայաստանին անցնելու հետ: