Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը մեղքը մասամբ է ընդունում

Մանկապարտեզի երեխաներին տրամադրվող սննդի մի մասը յուրացնելու, տարբեր հաստիքներում իր ծանոթներին ու մտերիմներին գրանցելու, նրանց աշխատավարձերից շուրջ 4 մլն դրամ յուրացնելու մեջ կասկածվող Երևանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի փաստաբան Վահե Մնացականյանն ասում է՝ ձերբակալված տնօրենն իր մեղքը մասամբ է ընդունում:

«Իր երկու հարսները աշխատել են մանկապարտեզում», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին, որ յուրացված սնունդը իր ընտանիքին պատկանորղ ռեստորանին է մատակարարվել, պատասխանեց. - «Չկա տենց բան, մեր կեղմը դա հերքում է»։

Ընդհանուր հաշվով, ըստ Քննչական կոմիտեի, պետությանը հասցվել է գրեթե 13.5 միլիոն դրամի վնաս:
Հարուցվել է քրեական գործ՝ յուրացնելու կամ վատնելու՝ ուրիշի գույքը հափշտակելու հոդվածներով: Պատիժը՝ 5-8 տարվա ազատազրկում:

Փաստաբան Վահե Մնացականյանն ասում է՝ պաշտպանյալն առողջական խնդրրներ ունի, ձերբակալման որոշումը բողոքարկել են, բայց դատարանը մերժել է: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Գայանե Հովհաննիսյանի աշխատասենյակից հայտանբերվել է երեխաներին հատկացված սննդի մի մասը: Քննչական կոմիտեի լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը մանրամասներ հայտնեց:

«Գայանե Հովհաննիսյանը յուրացրել է ոչ միայն աշխատանքի չհաճախած, սակայն հրամանագրված անձանց դուրս գրված առանձնապես խոշոր չափերի գումար, այլև մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը։ Աշխատատեղերը պահելու պայմանով նաև մանկապարեզի խոհարարից տարիներ շարունակ պահանջել և ստացել է մանկապարտեզ հաճախած երեխաների համար նախատեսված սննդամթերք։ Նախնական տվյալներով աշխատասենյակում դիտարկվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել», - ասաց Նաիրա Հարությունյանը։

Մանկապարտեզի սաների ծնողները մամուլից են տեղեկացել կատարվածի մասին, ասում են՝ ապշած են: Մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ հրաժարվեց խոսել: Հարցին, թե խոհարարը, որը ըստ իրապահների յուրացումենրի հարցում օգնել է տնօրենին՝ այս պահին աշխատո՞ւմ է՝ պատասխան չհնչեց: Ի դեպ՝ տնօրենն արձակուրդում է:

Ձերբակալված տնօրենի երկու հարսները, ըստ փաստաբանի, նույն մանկապարտեզում են աշխատում, իսկ ահա ըստ լրատվամիջոցների՝ տնօրենի ամուսինն էլ Հաշվեքննիչ պալատում վարչության պետ է, որդին՝ Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի վարչության տեսուչ է: Հենց այս վարչությունն է, ի դեպ, ստուգումներ իրականացնում մանկապարտեզներում:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանն ասում է՝ չի բացառվում, որ այս կապերն են նրա այդ ապօրինությունները գաղտնի պահել:

«Վստահաբար կոռուպցիոն ցանցեր են գործել, և մարդիկ իրար փաստորեն պաշտպանել են կամ քողարկել են տարբեր հանցագործություններ, տարբեր ֆինանսական չարաշահումներ։ Իհարկե, էդ տնօրենների ինստիտուտը մենք կարիք չունենք վերանայելու։ Մեծամասամբ մենք գիտենք, թե էդ տնօրենները ինչպես են ընտրվել, նշանակվել։ Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչ բարեկամական կապեր, ինչպիսի կոռուպցիոն շահերի բախման դեպքեր են եղել և բնականաբար պետք է գտնել, թե ովքեր են քողարկել և պաշտպանել», - ընդգծեց Սողոմոնյանը։

Ձերբակալված Գայանե Հովհաննսիյանի որդին, որը քաղաքապետարանի ներքին ադուիտի բաժնում է աշխատում, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի՝ ընգրկված չի եղել մանկապարտեզը 2017-ին ստուգած խմբի կազմում:

Վիրաբյանն ասում է՝ քաղաքապետարանը գուցե թերացել է, բայց հարյուրավոր հիմնարկներ չեն կարող ստուգել աուդիտի 3 աշխատողները: Ձևավորված նոր աշխատակազմում 10 անդամներ են արդեն։ Սա, ըստ փոխքաղաքապետի, ստուգում իրականացնելը գոնե հնարավոր կդարձնի։

«Հիմնականում նման հացավոր համաձայնությունները ձեռք են բերվում նեղ շրջանակում։ Աուդիտի բաժինը ստուգումներ անցկացրել է, որևէ խախտում չի արձանագրվել», - ասաց Վիրաբյանը։