Ադրբեջանը ռուսական սպառազինության ամենախոշոր գնորդներից է, որոշ համաձայնագրեր, որ ստորագրվել են վերջին տարիներին, դեռ ընթացքի մեջ են, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից գնված սպառազինության մեծ մասը Բաքուն արդեն ստացել է, սակայն մի որոշ մասը դեռ պետք է ստանա։ Ադրբեջանը ակնկալում է, որ համագործակցությունը Ռուսաստանի հետ այս բնագավառում կշարունակվի։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ վերջին տարիներին Ռուսաստանից գնել է շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն: Այս մասին անցած տարի հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «ռազմատեխնիկական ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորը ավանդույթներ ունի և աճի միտումներ»։
Այսօր Ալիևը նորից կրկնել է, որ Բաքուն շահագրգռված է սպառազինության շուրջ ռուս-ադրբեջանական նոր համաձայնագրեր կնքելու մեջ։ Նա այսօր, մասնավորապես, հայտարարել է, թե Մոսկվայի հետ զենքի շուրջ բանակցությունները մշտական գործընթաց են, և Բաքուն շահագրգռված է ռուսական նոր սպառազինություն ձեռք բերելու մեջ։
«Համապատասխան կառույցները կպայմանավորվեն նոր գործարքների մանրամասների շուրջ», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե Ռուսաստանը այսօր աշխարհում արդիական սպառազինություն արտադրող առաջատար երկրներից է, և Բաքուն, ինչպես Ալիևն է ասում, հնարավորություն ունի ռուսական ցանկացած սպառազինություն ձեռք բերելու։
Անցած սեպտեմբերին Բաքվում անցել էր ռազմական տեխնիկայի «Ադեքս» հերթական ցուցահանդեսը, որը տարածաշրջանի ամենամեծ նման ցուցահանդեսներից է, և ռուսաստանյան 25 ընկերություններ ներկայացված էին այդ ցուցահանդեսին։