Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ է հղել հունվարի 16-ից Արցախում ընթացող Հ.Յ. Դաշնակցության 33-րդ Ընդհանուր Ժողովին։
«Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայատանի և Արցախի քաղաքական կյանքում», - ասված է ուղերձում, որի տեքստն այսօր տարածել է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
Իր ուղերձում Փաշինյանը նաև նշել է․ - «Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։ Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով»։
Հայաստանում դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Դաշնակցությունը ընդհանուր ժողովը անցկացնում է Արցախում։ Աշխատանքները շարունակվելու են մինչև հունվարի 24-ը:
Ժողովի ավարտին կընտրվի Բյուրոյի նոր կազմը: Արդեն իսկ հայտնի է, որ շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընտրված Հրանտ Մարգարյանը Դաշնակցության ղեկավար կազմի այս ընտրություններում չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։
Դաշնակցության ղեկավար կազմի երկարամյա ներկայացուցիչը, մինչ հրաժեշտը, 33-րդ Ընդհանուր ժողովում իր ծավալուն ելույթում խստորեն քննադատել էր Հայաստանի գործող իշխանություններին։