Խորհրդարանական ուժերը կողմ են փոխմարզպետների թվի կրճատմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը՝ այժմյան երեքի փոխարեն թողնելով միայն մեկը։ ԼՀԿ առաջնորդ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր գրություն է ուղարկել վարչապետին՝ պնդելով․ - «2003 թվականին քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ է որոշվել, որ մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի և մինչ օրս յուրաքանչյուր մարզում գործում են 2-3 մարզպետի տեղակալներ, ինչը արդարացված չէ»։

«Մենք գտնում ենք, որ մարզպետարանները գերուռճացված են», - իր հերթին պարզաբանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ - «Ժամանակին, երբ կոալիցիա էր կազմվում, երբ խնդիր կար նաև մարզային իշխանությունները կիսել տարբեր քաղաքական ուժերի միջև, երեք փոխմարզպետի ինստիտուտ մտցվեց՝ ամեն մեկը իր առանձին գրասենյակով, աշխատակիցներով, քարտուղարությամբ, օգնականներով և մեքենայով՝ իր վարորդով։ Դա լրացուցիչ բեռ է, ընդ որում՝ մարզպետարանները փաստացի այդքան մեծ գործառույթ էլ չունեն անելու, որովհետև կան ՏԻՄ-եր՝ գյուղապետարաններ, քաղաքապետարաններ, որոնք կրկնում են մարզպետարանի գործառույթները»։

Ըստ կառավարության կայքէջի՝ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: Գորգիսյանն ասում է՝ մարզպետարանների ուռճացված հաստիքակազմը օգտագործվել է նաև ընտրությունների ժամանակ:

«Ինչո՞ւ է ուռճացվել առհասարակ պետական համակարգը՝ որպեսզի շատ աշխատող լինի այդ համակարգում, իշխանությունից կախված մարդ, և լրացուցիչ լծակ՝ այդ մարդկանց ստիպելու ինչ֊որ ընտրության գնալ կամ ինչ֊որ ձև քվեարկել», - նշում է պատգամավորը: - «Այսինքն՝ այդ ամենը եղել են քաղաքական գործիքներ: Եթե մեր նոր ղեկավարությունը չունի նպատակ այդպես օգտագործելու, այդ ուռճացված համակարգը պահելը իմաստ չունի: Բայց մյուս կողմից՝ պետք է գործազրկությունը հաշվի առնել, և ինչպես նախարարությունների կրճատման դեպքում, այդպես էլ այս պարագայում պետք է նաև այդ տեսլականը լինի կառավարության ծրագրում, թե ինչպես է պատրաստվում այդ հարցը լուծել»:

Էդմոն Մարուքյանը նման բովանդակությամբ մի գրություն էլ ուղարկել էր 2.5 տարի առաջ՝ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն կառավարությունն այդ ժամանակ կրճատումներ չկատարեց:

Այժմ իշխանական «Իմ քայլը» դաշինքը համաձայն է ժամանակին քաղաքական նկատառումներով ավելացված հաստիքները կրճատելու նախաձեռնությանը, ասում է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով․ - «Կարծում եմ, որ նաև բյուջեի վրա տարբերություն կտա այդ հաստիքներից հրաժարվելը, բայց պետք է քննարկվի՝ հասկանանք, թե արդյոք գործառույթները ով պետք է անի և արդյոք աշխատանքը չի տուժի։ Կարծում եմ փոխմարզպետները անգործ չեն մնա, եթե լավ մասնագետ են՝ իրենց գործը կգտնեն: Տեսնենք, թե կառավարությունը ինչ դիրքորոշում կդրսևորի։ Ես՝ անձամբ, որպես կուսակցության ղեկավար կազմի անդամ, համաձայն եմ այդ պնդման հետ»:

Ժամանակին իշխող քաղաքական կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանն էլ ընդունեց՝ մի քանի փոխմարզպետներ ունենալը կոալիցիոն գործընկերների համար էր, այժմ նման խնդիր չկա։ - «Մանավանդ՝ երեք փոխմարզպետը․․․ բնականաբար՝ նախատեսվում էր, որ եթե իշխանական կուսակցությունից է մարզպետը, փոխմարզպետները լինեն կոալիցիոն գործընկերները։ Այդպիսի մոտեցում կար։ Ներկայումս դրա անհրաժեշտությունը չկա, կարիք չկա, որ երեք փոխմարզպետ լինի»։

Պատգամավորական գրությանը պատասխան պետք է տրվի 15-օրյա ժամկետում, սակայն ուշագրավ է, որ կառավարությունն արդեն մշակում է նման մի նախագիծ՝ մարզպետարանների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մոտ 40 տոկոսի կրճատումներ կատարելու մասին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասում է՝ շուտով այն կդնեն շրջանառության մեջ․ - «Եվ այս՝ արդյունավետ կառավարման համատեքստում մենք անհրաժեշտ ենք համարում մարզպետարանների աշխատակիցների կրճատումը, միևնույն ժամանակ որակյալ կադրերով այն համալրելը: Հիմա իմ ձեռքի տակ մարզպետարանների կրճատման նախագիծն է, որը շուտով կշրջանառվի, որի արդյունքում մոտավորապես 30-40 տոկոս կկրճատվի աշխատակազմը»:

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ վաղուց քննարկում են հարցը, սակայն ի վերջո մարզպետի համար մեկ, թե երկու տեղակալ թողնելու հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել․ - «Վերջնական որոշումը, կարծում եմ, կառավարությունը կներկայացնի՝ մենք բոլորս կտեսնենք։ Այո՛, ես կողմ եմ, որ թիվը պետք է կրճատվի: Մեկ կամ երկու՝ կախված ֆունկցիաներից: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք ինչ գործառույթներ է իրականացնում մարզպետարանը և փոխմարզպետի համակարգման ներքո որ ոլորտները կընկնեն»: