Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ հարուցված երկրորդ քրեական գործը կարճվել է

Ադրբեջան - Բլոգեր Մեհման Հուսեյնովը զրուցում է լրագրողների հետ, Բաքու, հունվար, 2017թ․

Իլհամ Ալիևի աշխատակազմից հնչեցված հրահանգից ընդամենը մի քանի ժամ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց 2017 թվականից անազատության մեջ գտնվող բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ հարուցված երկրորդ քրեական գործի կարճման մասին:

«Հաշվի առնելով Հուսեյնովի երիտասարդ տարիքը, պատժաչափի կրման ընթացքում նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի բացակայությունը, ինչպես նաև ընտանիքում տարեց հոր առկայությունը, նախաքննական մարմինը որոշել է կարճել նրա դեմ հարուցված քրեական գործը», - նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից այսօր առավոտյան տարածված հայտարարության մեջ:

Ադրբեջանի ամենահայտնի վիդեոբլոգերներից մեկը համարվող Մեհման Հուսեյնովը ձերբակալվեց և զրպարտության մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտվեց 2017-ին` այն բանից հետո, երբ իր պատրաստած տեսանյութերից մեկում քննադատել էր Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի` երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակման փաստը: Պատժաչափի ավարտից հաշվված ամիսներ առաջ, սակայն, Հուսեյնովի դեմ նոր քրեական գործ հարուցվեց` բանտապահներից մեկին ծեծի ենթարկելու հոդվածով, որը 5-7 տարվա ազատազրկում է նախատեսում: Քրեական նոր մեղադրանքների առաջադրմանն ի պատասխան՝ Հուսեյնովը հացադուլ սկսեց, որին միացան նաև մի շարք քաղաքական բանտարկյալներ և ընդդիմության ակտիվիստներ:

Հուսեյնովի դեմ քրեական նոր մեղադրանքի չեղարկման մասին դատախազության հաղորդագրությունը գրեթե նույնությամբ կրկնում էր Ադրբեջանի նախագահի օգնական Ֆուադ Ալեսքերովի` երկուշաբթի երեկոյան հրապարակած հայտարարության տեքստը:

«Հարգարժան նախագահը, հաշվի առնելով դատապարտվածի երիտասարդ տարիքը, այն հանգամանքը, որ նա արդեն իսկ շուրջ երկու տարի է ինչ պատիժ է կրում, նրա ընտանեկան կացությունը և հոր պատկառելի տարիքը, խորհուրդ է տվել Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազին Մեհման Հուսեյնովի գործում հիմնական շեշտը դնել մարդասիրության սկզբունքների վրա», - նշել էր Իլհամ Ալիևի օգնականը:

Երկուշաբթի երեկոյան նաև տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն, Մեհման Հուսեյնովը նամակով դիմել էր Ադրբեջանի նախագահին՝ իր դեմ երկրորդ քրեական գործը չհարուցելու խնդրանքով: Ուշագրավ է, ի դեպ, որ այդ նամակի մասին տեղյակ չէին ոչ Հուսյենովի հայրը, ոչ էլ նրա փաստաբանը:

Նկատենք նաև, որ բլոգերի դեմ հարուցված քրեական նոր գործը կարճվեց զգալի ներքին ու արտաքին ճնշման պայմաններում: Երկուշաբթի օրը Հուսեյնովի գործից խոսում էին նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մասնակիցները: Խնդրին առաջինն անդրադարձավ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, ավստրիացի սոցիալ-դեմոկրատ Շտեֆան Շենախը:

«Ադրբեջանում բլոգեր Մեհման Հուսեյնովի կողմից հայտարարված հացադուլը մեզ լրջորեն մտահոգում է: Մենք ուշի ուշով հետևում ենք նրա գործին և կոչ ենք անում իշխանություններին նրան անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել: Կոչ ենք անում նաև անհապաղ ազատ արձակել մյուս բոլոր քաղբանտարկյալներին ևս», - հայտարարում էր Շենախը:

Վեհաժողովի լիագումար նիստին զուգահեռ, երեկ Ստրասբուրգում նաև հատուկ լսումներ կազմակերպվեցին` նվիրված Մեհման Հուսեյնովի գործին: Բլոգերի ազատ արձակման պահանջը հիմնականն էր նաև շաբաթ օրը Բաքվում կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որն, ի դեպ, ըստ ադրեբջանական աղբյուրների, ամենամարդաշատն էր 2015 թվականից ի վեր: