Մարուքյանն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կրճատել փոխմարզպետների թիվը՝ յուրաքանչյուր մարզում թողնելով մարզպետի միայն մեկ տեղակալ: Այս մասին Մարուքյանը հաղորդում է Ֆեյսբուքում գրառմամբ:

«Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և առհասարակ այդ հաստիքի գոյության հետ», - փոխանցում է ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ Հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի: Այժմ, 1-ի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ (http://www.gov.am/am/regions/): Նրանցից յուրաքանչյուրին պետական բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն»:

«Ըստ իս՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ», - այսօր Ֆեյսբուքում գրել է Էդմոն Մարուքյանը: