«Իմ՝ քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է». Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքն իրեն չի պարգևատրել և չի պարգևատրելու, երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Մարությանն՝ անդրադառնալով վերջերս աղմուկ բարձրացրած ինքնապարգևատրումների հարցին։

«Ազատություն». - Պարոն քաղաքապետ, Դուք ի վերջո Արդարադատության նախարարությունից ստացա՞ք պատասխան, կարո՞ղ եք հրապարակել պարգևատրման ցանկը, որովհետև Ձեր քաղաքական թիմի մարզպետները հրապարակել են ցանկը, և պարզվեց, որ իրենք իրենց էլ են պարգևատրել։ Կարո՞ղ է Դուք էլ եք Ձեզ պարգևատրել։

Մարության. - Մենք չենք ստացել դեռ նամակը, ես սրտատրոփ սպասում եմ նամակին, այսօր նույնպես տեղեկացա, որ չենք ստացել։ Բնականաբար, ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ էլ պարգևատրելու, սա իմ որոշումն է, որ ես պրեմիաներ չեմ ստանալու։ Իմ՝ քաղաքապետի պաշտոնում գտնվելը շատ սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ։ Այնպես որ, սպասենք Արդարադատության նախարարությանը` ինչ պատասխան կտան, մենք այդպես էլ կշարժվենք։ Հանրությունը գիտի թիվը, մենք հրապարակել ենք՝ 474 միլիոն դրամ, իսկ երբ որ սկսում ենք առանձին-առանձին, այստեղ արդեն անհատական տվյալների խնդիր կա։ Ես կուզեի իմանալ, եթե այդպիսի խնդիր չկա, մեծ հաճույքով կհրապարակենք՝ ոչ մի ինչ-որ գումարներ ոչ ոք չի ստացել։ Ի դեպ սա արդեն նախատեսված էր 2018-ի բյուջեում, և ինչ նախատեսված էր, այդպես էլ բաշխել ենք, իսկ 2019-ին վերանայելու ենք բոլոր պարգևատրումները, գնահատելու ենք, թե իրականում այդ մարդիկ այդքան օգուտ տալի՞ս են պետությանը։

«Ազատություն». - Դուք ասում եք, որ դա անձնական տվյալների գաղտնիության հարց է։ Այս դեպքում ձեր քաղաքական թիմի մարզպետները խախտե՞լ են դա՝ հրապարակելով այդ ցանկը։

Մարության. - Ճիշտն ասած, ամեն մեկն իր արարքների համար ինքը պետք է պատասխան տա։

«Ազատություն». - Իսկ ճի՞շտ է, որ Դուք մի քանի անգամ հրաժարականի դիմում եք գրել, բայց Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել։

Մարության. - Ո՛չ։

«Ազատություն». - Դուք խոստանո՞ւմ եք, որ ամռանը Կենտրոնը կրկին չի բուրի գարշահոտությամբ, և առնետները չեն լցվի շքամուտքեր։ Օրինակ, պատրա՞ստ եք ոտքով քայլել, մտնել այդ շենքերը, որտեղ հենց մուտքի մոտ առնետները Ձեզ կդիմավորեն։

«Ազատություն». - Ոչ, այդպիսի բան չի լինի, և, այո՛, պատրաստ եմ, ասեմ ավելին՝ էս ընթացքում, ինչ ես արդեն քաղաքապետ եմ, մշտապես շաբաթ և կիրակի օրերն անցկացնում եմ թե՛ աղբավայրում, թե՛ շենքերի աղբամուղերի տակ, անձամբ ինքս ստուգում եմ, եթե խնդիր կա, զանգում եմ և ասում եմ, որ գան էդ խնդիրները լուծեն, այնպես որ, շատ մոտիկից՝ ֆիզիկապես մոտիկից, ծանոթ եմ այդ խնդրին: Իմ մեքենայի մեջ կան ռետինե ձեռնոցներ, և ինքս էլ շատ հաճախ մինչև սպասելը, որ մեկը գա, քանի որ ես մի քիչ բնավորությամբ արագաշարժ եմ, անհանգիստ եմ, էդ հարցն արագ-արագ լուծում եմ, անցնում եմ առաջ։

«Ազատություն». - Ե՞րբ ենք նորմալ տրանսպորտ ունենալու։

Մարության. - Էս էն թեման է, որ ես ասում էի երկու տարվա ընթացքում, և ասեցին՝ «երկու տարի հետաձգվո՞ւմ է», ոչ, երկու տարի չի հետաձգվում, էս վերջերս «Դայմլեր» ընկերության հետ հանդիպեցինք նաև այս հարցով, իրենք արտադրում են 1600 ավտոբուս տարեկան, այսինքն՝ անգամ եթե էս պահին գումարը մեր ձեռքը լիներ և ասեինք՝ «արտադրեք ավտոբուսները», հազիվ մի տարվա մեջ արտադրեին և այդ ավտոբուսները տային։ Երկու տարվա ընթացքում սա նշանակում է էս պահին, երբ արդեն ընկերությունը վերջնական մեզ տա արդյունքները, 6 ամիս մեզ պետք է իմպլեմենտացիայի համար, 6 ամիս` մրցույթի համար, որ օպերատորներ ընտրվեն, և արդեն մնացած մեկ տարին այդ օպերատորի գույքի ձեռքբերում, տեղում աշխատանքներ և այլն։ Առնվազն երկու տարի` սա այն դեպքում, երբ օպերատորներին հետաքրքիր լինի մեր շուկան։ Ես նկարագրեցի ամենասահուն, ամենալավ տարբերակը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.