ԲՀԿ-ն չի ստացել, հետևաբար չի քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը. ԲՀԿ պատգամավոր

Գևորգ Պետրոսյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում կարծիք հայտնել կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա նշեց, որ խմբակցությունը դեռ չի ստացել նախագիծը և քննարկումներ խմբակցությունում նախագծի շուրջ չեն ծավալվել։

«Մի հատ չտեսնե՞նք՝ կառավարությունը թղթի վրա ի՞նչ է ներկայացրել։ Մենք ոչ կարիք ունենք անհարկի սատարել կառավարությանը, ոչ թաքնվել նրա դիրքորոշումներից, ոչ էլ թաքցնել մեր դիրքորոշումները, բայց, խնդրում եմ, եկեք լրջությունը չկորցնենք, տեսնենք ինչ են ներկայացնում», - ասաց Պետրոսյանը՝ շարունակելով. - «Քանի դեռ նախագիծը ներկայացված չէ և խմբակցությունը նախագիծը չի ստացել պաշտոնապես և քննարկում չի եղել, ես իրավասու չեմ խմբակցության անունից դիրքորոշում հայտնելու»։

Գևորգյանը, սակայն, ներկայացրեց իր անձնական կարծիքը՝ նշելով, որ և՛ Ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է թողնել կա՛մ վարչապետի անմիջական հսկողության ներքո, կա՛մ՝ կառավարության։

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ Ոստիկանությանը տալ կառավարությանը, ԱԱԾ-ն պահել վարչապետին, ի վերջո դրանք երկուսն էլ կոչված են Հայաստանում հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը, օրինականության պահպանմանը, հասարակական կարգի ամրապնդմանը, ես անձամբ գտնում եմ, որ դրանք պետք չի տարանջատել», - ասաց Պետրոսյանը։

Դեռ անցած տարի որոշ նախարարություններ ստացել էին մի նախագիծ, ըստ որի, նախարարությունների թիվը կրճատվելու է 5-ով՝ դառնալով 12։

Լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանալու են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարմանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացմանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Մինչև ԱԺ նախագահ ընտրվելն Արարատ Միրոզոյանն, օրինակ, կարծիք էր հայտնել, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ Ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել։