Շիրակի Պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը ութ ամիս թափուր մնալուց հետո, այսօր բուհի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ռեկտորի տեղի համար մրցույթը՝ այն կկայանա մարտի 2֊ին, իսկ մինչև փետրվարի 22-ը պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն:
Շիրակի Պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի համար կարող են առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան, բուհում առնվազն երեք տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթական համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքային ստաժ:
Բուհի նախկին ռեկտոր, հանրապետական Սահակ Մինասյանը, հիշեցնենք, հրաժարվեց պաշտոնից, երբ բուհի երկու դասախոսներ նրան մեղադրեցին մի շարք չարաշահումների, անօրինականությունների մեջ: Այժմ Մինասյանը նույն բուհում դասախոս է աշխատում:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Երվանդ Սերոբյանն է:
Այսօր հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց նաև բուհի կանոնադրությունը: