Նախագահ Արմեն Սարգսյանը ուրբաթ օրը հրամանագրեր է ստորագրել 12 նախարարների նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:
Հրամանագրերով, որոնք հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար, Դավիթ Տոնոյանը՝ Պաշտպանության նախարար, Ֆելիքս Ցոլակյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հակոբ Արշակյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ Բնապահպանության նախարար, Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ Առողջապահության նախարար, Զարուհի Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արայիկ Հարությունյանը՝ Կրթության և գիտության նախարար:
Բոլոր նորանշանակ նախարարները՝ բացառությամբ Զարուհի Բաթոյանի, անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականից հետո նախարարների պաշտոնակատարներ էին: Բաթոյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն էր, իսկ նախկին նախարար Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահն է:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել նոր խորհրդարանի առաջին նիստի օրը՝ հունվարի 14-ին, հունվարի 16-ին նշանակվել են նաև երկու փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը:
Հունվարի 17-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ իշխանությունը միտքը չի փոխել, նախարարությունների թիվը կրճատվելու է, բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքում փոփոխությունները, կնշանակվի կառավարության անդամների երկու երրորդը, որպեսզի գործադիր մարմինը ըստ օրենքի ձևավորված համարվի:
Նորընտիր խորհրդարանի նստաշրջանի օրակարգում կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը ընդգրկված է: Դեռ անցած տարվանից շրջանառվող նախագծով՝ այլևս չի լինելու առաջին փոխվարչապետի պաշտոն, նախարարությունների թիվն էլ կրճատվելու է 5-ով՝ դառնալով 12․ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանալու են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվելու է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։
Տե՛ս նաև այստեղ