Հայաստանի նախագահը նշանակեց 12 նախարարներին

Հայաստան - Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստը, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը ուրբաթ օրը հրամանագրեր է ստորագրել 12 նախարարների նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Հրամանագրերով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար, Դավիթ Տոնոյանը՝ Պաշտպանության նախարար, Ֆելիքս Ցոլակյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հակոբ Արշակյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Էրիկ Գրիգորյանը՝ Բնապահպանության նախարար, Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ Առողջապահության նախարար, Զարուհի Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արայիկ Հարությունյանը՝ Կրթության և գիտության նախարար:

Բոլոր նորանշանակ նախարարները՝ բացառությամբ Զարուհի Բաթոյանի, անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականից հետո նախարարների պաշտոնակատարներ էին: Բաթոյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն էր:

Հունվարի 17-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունը միտքը չի փոխել, նախարարությունների թիվը կրճատվելու է, բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքում փոփոխությունները, կնշանակվի կառավարության անդամների երկու երրորդը, որպեսզի գործադիր մարմինը ըստ օրենքի ձևավորված համարվի: Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագծով նախատեսվում է 17 նախարարությունից թողնել 12-ը։

Փաշինյան․ Նախարարությունների մեծ թիվը նշանակում է ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր

Երեկ երեկոյան Փաշինյանը, Ֆեյսբուքում ուղիղ եթերում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, շեշտեց՝ նախարարությունների մեծ թիվը նշանակում է ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր։ Վարչապետն ասում է, որ կառուցվածքային այս փոփոխություններն առաջիկայում կքննարկեն խորհրդարանում, հարցն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում, թեև նախագիծը դեռ չի հրապարակվել:

«Միջազգային չափանիշներով ընդունված է, որ կառավարման համակարգում, և ընդհանրապես՝ ոչ միայն պետական, այլև կառավարման համակարգում, լինի 9-11 աշխատողին մեկ ղեկավար: Մեր պետական կառավարման համակարգում 3,5-3,6 աշխատողին մեկ ղեկավար է ընկնում: Սրա արդյունքում մենք ունենք այսպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, կան բաժիններ, օղակներ, որտեղ կան ղեկավարներ, բայց չկան, այսպես ասած, ենթականեր: Օրինակ՝ բաժիններ նախարարություններում, որտեղ կա բաժնի պետ և բաժնի պետի տեղակալ, բայց աշխատող չկա», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Սա արված է տարբեր պատճառներով՝ որովհետև բաժնի պետի աշխատավարձը ավելի բարձր է, տեղակալի աշխատավարձը ավելի բարձր է, բայց սրանից բխում են նաև հավելյալ ծախսեր և, իհարկե, անարդյունավետություն, որովհետև պարզվում է, որ ղեկավարողներն ավելի շատ են, քան՝ աշխատողները»:

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու Կրթության և Մշակույթի նախարարությունները պետք է միանան։ Նա մի քանի երկրների օրինակներ է բերում՝ Գերմանիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա և այլն։ Ըստ վարչապետի, մշակույթը ունի գործնական նշանակություն, ինչն իր հերթին նաև կրթական նպատակ ունի։ Բայց, ինչպես հավելում է Փաշինյանը, այս դեպքում կկրճատվի ղեկավար կազմը․ - «Այո, կկրճատվեն ղեկավար աշխատողները: Օրինակ, այս կոմբինացիաների արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, կլինեն ավելի քիչ փոխնախարարական ծառայողական ավտոմեքենաներ և սրանից բխող այլ ծախսեր»:

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև Սփյուռքի նախարարությունը լուծարելու հարցին, ինչը քննադատության ալիք էր բարձրացրել։ Ասաց, որ նախատեսում են Սփյուռքի նախարարության առանցքային աշխատակիցներին տեղափոխել վարչապետի աշխատակազմ, և որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ կզբաղվի նրանց աշխատանքների համակարգմամբ։

«Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի կրթության հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Կրթության նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի մշակութային հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Մշակույթի նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքի տնտեսական հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Սփյուռքին միջազգային հարցերում ներգրավելու հարցերով, բայց դրանով զբաղվում է նաև Արտաքին գործերի նախարարությունը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ - «Մենք ասում ենք՝ վե՞րջ, էս ամբողջ գործառույթները փակե՞լ․ ո՛չ»

Վարչապետի փոխանցմամբ, չնայած կրճատումներին՝ մտադիր են նոր նախարարություն ստեղծել, «և այդ նախարարությունը կլինի Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կամ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը»: «Որովհետև մենք հայտարարել ենք, որ մեր պատկերացումը Հայաստանի տնտեսության մասին հետևյալն է, որ մեր երկրի տնտեսական լոկոմոտիվը պետք է դառնա բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, և դա պետք է իր արտահայտությունը գտնի կառավարության կառուցվածքում», - ընդգծեց Փաշինյանը:

Մարուքյան․ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը պիտի լինեն խորհրդարանական վերահսկողության տակ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունները կբերվեն խորհրդարան քննարկման, այդ ժամանակ էլ դիրքորոշում կհայտնեն։ Այժմ սպասում են, որ կառավարությունն օր առաջ նախագիծը ներկայացնի օրենսդիրների դատին:

Օպտիմալացմանը կողմ Մարուքյանը ուշադրություն է հրավիրում սուպերվարչապետական համակարգի վերափոխման վրա։ Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն պետք է դառնան նախարարություններ և լինեն ոչ միայն վարչապետի ու կառավարության, այլ նաև՝ խորհրդարանական վերահսկողության ներքո։ Հակառակ դեպքում իրենք դեմ կլինեն կառավարության առաջարկին։

«Հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարության վրա, էստեղ հարցը կարևոր է՝ Ոստիկանություն, ԱԱԾ և հարկահավաք մարմին, որոնք որ պիտի լինեն խորհրդարանական վերահսկողության տակ», - պնդել էր Մարուքյանը: