Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը ևս երկու ամիս կմնա բանտում: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախկին նախագահի կալանքը երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնեց դատախազ Վահագն Մուրադյանը:
«Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգվեց, իսկ փաստաբանների միջնորդությունը մերժեց՝ գրավ կիրառելու վերաբերյալ», - նշեց դատախազը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է անցած տարվա դեկտմեբերի 7-ից: Պաշտոնաթող նախագահի պաշտպանները դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին դատարանին էին ներկայացրել վերջինիս կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, որը փաստաբան Արամ Օրեբլայնի խոսով այդպես էլ չքննվեց:
«Դատարանի որոշումը դեռ չենք տեսել, հիմնավորումները չենք տեսել։ Առնվազն՝ մի շարք հիմքեր, որոնք ներկայացված են եղել դատարան վարույթի շրջանակներում, չեն վերաբերել բուն դատարանի պատճառաբանություններին և մի մասն էլ այնքան ակնհայտ էին, որի հետ կապված դատարանը այլ որոշում չէր կարող կայացնել, և դրա հետ կապված հիմա արդեն մուտք է եղել վերաքննիչ բողոք», - նշեց Օրբելյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Արամ Օրբելյանը չբացառեց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Խոսքն, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։
«[Դատարանի] Որոշումը ստանալուց հետո վերջնական դիրքորոշում կունենանք երրորդ բողոքի հետ կապված, որի շրջանակներում պետք է բողոքարկման առարկա դառնա առնվազն արդարադատություն իրականացնելուց խուսափելու հանգամանքը, երբ որ դեկտեմբերի 26-ին ներկայացված՝ ազատության հետ կապված միջնորդությունը չի քննվում և համապատասխան բողոքի մեջ քննարկվում է նաև 18-րդ հոդվածի խախտումը ներառելու հարցը», - մանրամասնեց փաստաբանը։ - «Դա չի նշանակում, որ բողոքը վերաբերելու է բացառապես քաղբանտարկյալի գաղափարին, որովհետև 18-րդ հոդվածի խախտումը ներառում է կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքների խախտումներ։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ինչպես ազատության իրավունքին, այնպես էլ արդար դատաքննության իրավունքին կամ դատարանի մուտքի իրավունքին»։
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: