Թուրքիայի խորհրդարանը մերժել է պոլսահայ նշանավոր մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ մեջլիսում քննություն սկսելու՝ Գարո Փայլանի առաջարկը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավորը թուրքական խորհրդարանում բարձրաձայնել է, որ Դինքի սպանությունից 12 տարի անց գործը դեռ չի բացահայտվել, մեղավորները պատասխան չեն տվել, արդարություն չի հաստատվել:
«Մինչև սպանվելը Հրանտ Դինքը Թուրքիայում ժողովուրդների քաղաքացիական հավասար իրավունքներ ունենալու պահանջը արտահայտող, պետության ազգայնական և խտրական քաղաքականությունը քննադատող, խաղաղության և հավասարության կարևորությունը պաշտպանող լրագրող էր: Սպանվելուց հետո Դինքը դարձավ Թուրքիայում հավասարության, բազմակարծության նկատմամբ հասարակության կարոտի, ժողովրդավարության ու արդարության պահանջի խորհրանիշը: Դինքի դատական գործն էլ հիշվեց իբրև անպատժելիության մշակույթի խորհրդանիշ», - մեջլիսին ուղղված իր առաջարկում նշել է Փայլանը:
Հայազգի պատգամավորը խոսել է Դինքի սպանությանը հանգեցրած հանգամանքների մասին՝ մասնավորապես 2004 թվականին «Ակօս»-ում հրապարակված հայտնի հոդվածը՝ Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման մասին, որից հետո Դինքը հայտնվեց ազգայնական շրջանակների թիրախում: Գարո Փայլանը նաև հիշեցրել է, որ 2005 թվականին Դինքի դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թրքությունը վիրավորելու» հատկանիշներով:
Փայլանը, մասնավորապես, շեշտել է, որ պետությունը չի խոչընդոտել Հրանտ Դինքին թիրախ դարձնելու փորձերը, չի քննադատել նրա դեմ մամուլում սկսված ատելության արշավը, ընդհակառակը, իր քայելով նպաստավոր պայմաններ ապահովել սպանության համար: «Այս իմաստով պետությունը խախտել է Հրանտ Դինքի կյանքի իրավունքը՝ չկատարելով նրան պաշտպանելու և սպանությունը կանխելու իր պարտավորությունը:
«Հանցագործությունից հետո էլ իրականացված հետաքննությունը բավարար չի եղել», - ասել է Փայլանը՝ պնդելով՝ պետական տարբեր օղակներ տեղյակ են եղել Դինքի սպանության ծրագրի մասին, սակայն կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել: Նա ընդգծել է, որ սպանությունը կոծկողները մասնակից են դառնում այդ հանցագործությանը։ Փայլանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը պետք է կամք ցուցաբերի սպանության պատասխանատուների բացահայտմանը աջակցելու, հանրային խիղճը հանգստացնելու ու այդպիսով նման ողբերգությունները կանխելու համար:
Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ մեջլիսում քննություն սկսելու վերաբերյալ առաջարկը քվեարկության դնելուց առաջ հայազգի պատգամավորը խորհրդարանում ընթերցել է մահից առաջ Դինքի վերջին՝ «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» հոդվածը:
Դիմելով խորհրդարանին, Փայլանը կոչ է արել աջակցել այս առաջարկին՝ հավելելով. - «Հրանտին պարտական ենք»: Այնուհանդերձ մեջլիսի քվեարկության արդյունքում առաջարկը մերժվել է «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների դեմ քվեներով: