ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում վերջին ներքաղաքական զարգացումները Հայաստանում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգեր, արխիվ

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Գրեմինգերը, շնորհավորելով Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։