«Ֆեյսբուք»-ը հեռացրել է «Սպուտնիկ»-ի հետ կապված ավելի քան 500 էջ

«Ֆեյսբուք»-ի արգելափակած էջերից մեկը

«Ֆեյսբուք»-ը հեռացրել է ավելի քան 500 էջ, որոնք կապ ունեին ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալության հետ: Այդ էջերը, «Ֆեյսբուք»-ի պնդմամբ, ապատեղեկատվություն էին տարածում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում:

«Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը երեկ հայտնել էր, որ «Ֆեյսբուք»-ը հեռացրել է իր ռուսալեզու էջը:

«Ֆեյսբուք»-ի տարածած հայտարարությունում ասված է, որ «այդ կեղծ օգտատերերը գրանցված էին որպես լրատվական էջեր և ապատեղեկատվություն էին տարածում», օրինակ՝ ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաների կոչ էին անում:

«Ֆեյսբուք»-ի կիբերանվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյչերը երեկ գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է, թե կեղծ էջերի երկու խումբ են հայտնաբերել՝ մեկն աշխատում էր Ուկրաինայի դեմ, մյուսը ակտիվ էր Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ կեղծ տեղեկատվական էջերը ունեին գրեթե 800 հազար հետևորդներ: Ֆեյք էջերը շուրջ 135 հազար դոլար են ծախսել իրենց տեղեկությունը գովազդելու համար, ասված է «Ֆեյսբուք»-ի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ ամբողջ տեղեկությունը Facebook-ը փոխանցել է ԱՄՆ Կոնգրեսին և այն քաղաքական գործիչներին, ում դեմ էին ուղղված այդ կեղծ նորություններն ու գործողությունների կոչերը:

Գեյչերի խոսքով՝ 364 էջերը անմիջականորեն կապված են ռուսական «Սպուտնիկ» լրատվական կայքի աշխատակիցների հետ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Սպուտնիկ»-ը «Ֆեյսբուք»-ի որոշումը հստակ քաղաքական է որակել, հայտարարելով, թե կատարվածը պարզապես գրաքննություն է:

«Ֆեյսբուք»-ի կիբերանվտանգության հարցերով պատասխանատուն ուղղակի կապ և նմանություն է տեսնում հեռացված տեղեկատվական և օգտատերերի էջերի և «Պուտինի խոհարար» Եվգենի Պրիգոժինի ղեկավարության տակ աշխատող «թրոլների ֆաբրիկայի» միջև:

Պրիգոժինը, հիշեցնենք, պատժամիջոցների ցուցակում է՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար:

Անցած տարվա փետրվարին Պրիգոժինին և 12 այլ անձանց հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է ներկայացրել, այդ թվում՝ բանկային խարդախության, դավադրության և ինքնության գողության համար: