Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մի շարք հարցադրումներ է հղել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր դեմ սկսված հետաքննության շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ մեջլիս ներկայացված երկու միջնորդությունների առնչությամբ:
Իր գրավոր հարցադիմումի մեջ Փայլանն ընդգծել է, որ տխրահռչակ 301-րդ հոդվածն, այն է՝ «Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն նվաստացնելը», առարկությունների պատճառ էր դարձել Սահմանադրությամբ ամրագրված խոսքի և մտքի ազատությունը խոչընդոտող, ժողովրդավարացմանն ու մարդու իրավունքներին հակասող բնույթ ունենալու պատճառով:
Նշելով, որ 301-րդ հոդվածն ու նախկինում կիրառված նմանօրինակ օրենքները ճանապարհ են հարթել երկրում ատելության խոսքի ու հանցագործությունների համար` Փայլանը հիշատակել է Հրանտ Դինքին:
Հայազգի պատգամավորը շեշտել է՝ հայկական ինքնության համար ատելության թիրախում հայտնված Հրանտ Դինքի սպանության վրա էական ազդեցություն է ունեցել հենց 301-րդ հոդվածը, որով մեղադրվել ու դատապարտվել էր Դինքը:
Հրանտ Դինքի սպանությունից հետո այդ հոդվածը որոշակիորեն փոփոխվեց, դրա կիրառումը հնարավոր դարձավ միայն արդարադատության նախարարության թույլտվությամբ:
«Այն ժամանակվա պաշտոնյաները հայտարարեցին, թե այս փոփոխությունը կօգնի խուսափել հոդվածի կիրառման ժամանակ առաջացող խնդիրներից և թույլ չտալ խոսքի ազատության սահմանափակումներ: Այդ փոփոխություններից հետո երկար ժամանակ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու դատախազների պահանջները մեծամասամբ մերժվում էին արդարադատության նախարարության կողմից: Սակայն, վերջին շրջանում բազմաթիվ գործեր հարուցելու թույլտվություն է տրվել, այդ թվում՝ իմ նկատմամբ», - նշել է Փայլանը:
Նա նախարարին հետևյալ հարցերն է ուղղել. - «2008 թվականից մինչ օրս, ըստ տարիների, արդարադատության նախարարի կողմից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քանի՞ հետաքննություն սկսելու թույլտվություն է տրվել, քանի՞ դիմում՝ մերժվել:
2008 թվականից մինչ օրս, ըստ տարիների, քանի՞ մարդու նկատմամբ է 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել, քանի՞ դատավարություն է սկսվել, քանի՞սն է ընթացքի մեջ, քանի՞ հոգի է դատապարտվել, արդարադատության նախարարությունում դեռ պատասխանի սպասող քանի՞ դիմում կա:
2002 թվականից մինչ օրս, ըստ տարիների, «թրքությունը վիրավորելու» հոդվածով քանի՞ հոգու նկատմամբ է գործ հարուցվել: Դատավարությունների արդյունքում քանի՞սն են արդարացվել, քանի՞սն են դատապարտվել, քանիսի՞ վճիռն ուժի մեջ մտել:
Որպես արդարադատության նախարար, 301-րդ հոդվածով հետաքննություններ սկսելու թույլտվություն տալիս ի՞նչ չափանիշներով եք որոշել, թե քննադատություն հնչեցնելիս որտե՞ղ է վերջանում դրա սահմանները: 301-րդ հոդվածով, ըստ տարիների, քանի պատգամավորի նկատմամբ հետաքննություն սկսելու թույլտվություն եք տվել: Ինչպիսի՞ն է բաշխվածությունն, ըստ քաղաքական կուսակցությունների:
Որպես արդարադատության նախարար, ի՞նչ հիմքով եք բավարարել ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազության կողմից իմ նկատմամբ հետաքննություն սկսելու միջնորդությունները:
2002 թվականից մինչ օրս, ըստ տարիների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «թրքությունը վիրավորելու» հոդվածի պատճառով խոսքի ազատությունը ոտնահարելու համար Թուրքիայի դեմ քանի՞ հայցադիմում կա: Քանի՞ գործի արդյունքում ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ հոդվածը: Ըստ տարիների պետությունը ինչքա՞ն փոխհատուցում է վճարել պատված գործերի համար»:
Գարո Փայլանն իր հարցադիմումը ներկայացրել է խորհրդարանի նախագահությանը՝ պատասխան ակնկալելով արդարադատության նախարարից: