Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը շուրջ 13 միլիարդ եվրո կտրամադրեն` Արևելյան գործընկերության ծրագրին մաս կազմող վեց պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:
Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարեց հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ «այս ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար»:
Եվրամիության հրապարակած փաստաթղթի համաձայն, այս ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 700 միլիոն եվրո: Փաստաթղթի հեղինակների կողմից մատնանշվող հայաստանյան առաջնահերթ ծրագրերի մեծ մասն առնչություն ունեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ:
Հրապարակված փաստաթղթից մասնավորաբար տեղեկանում ենք, որ «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում է 450 միլիոն եվրո հատկացնել: 41 միլիոն եվրո կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս 7,5 միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: Բացի այդ, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը նախատեսում են շուրջ 15 միլիոն եվրո տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար:
Ընդհանուր առմամբ, ծրագրի հեղինակները հատկացվող 13 միլիարդ եվրոյով նախատեսում են մինչև 2030 թվականը 98 լայնածավալ ծրագիր ավարտին հասցնել: Զրոյից կառուցվելու կամ հիմնանորոգվելու են շուրջ 4 հազար 800 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր, ինչպես նաև վեց նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն, մի շարք օդանավակայաններ և սահմանային անցակետեր:
Ի դեպ, ծրագրի շրջանակում հարևան Վրաստանին շուրջ 3 միլիարդ եվրո կհատկացվի: Դրա մոտ 10 տոկոսը` ավելի քան 300 միլիոն եվրոն, նախատեսվում է ծախսել Անակլիա նավահանգստի և հարակից տրանսպորտային հանգույցների կառուցման վրա: Եվս 61 միլիոն եվրո եվրոպացիները կծախսեն Քութայիսիի միջազգային օդանավակայանի բեռնափոխադրումների տերմինալի կառուցման համար:
Վրաստանը և Հայաստանը միմյանց կապող Սադախլոյի «Բարեկամության կամրջի» շինարարությանը ծրագրի հեղինակները նախատեսում են մոտ 6 միլիոն եվրո հատկացնել։