«Սեյրան Օհանյանը շատ ծանրակշիռ դեմք է, որպեսզի նրան «Մարտի 1»-ի գործի շրջանակներում անհեթեթ մեղադրանք ներկայացվի», - «Ազատության» հետ զրույցում պնդեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանն՝ արձագանքելով Սեյրան Օհանյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործով իր դեմ անհեթեթ մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ Սեյրան Օհանյանն, ում Սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանք է ներկայացվել, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե չի ընդունում մեղադրանքը, և որ իր նկատմամբ անօրինականություններ են կատարվում:
Օհանյանը տեղեկացրել էր, որ 2018-ի դեկտեմբերի 20-ին իր ազատ տեղաշարժվելու իրավունքն է սահմանափակվել, ընդ որում, առանց հիմքերի և բացատրության:
Նա նաև իր մեկնաբանությանը կցել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցից մի հատված, որտեղ Վանեցյանը հորդորում է Խաչատրյանին՝ ձերբակալել Սեյրան Օհանյանին: Ի պատասխան՝ ՀՔԾ ղեկավարը վստահեցնում է, որ Օհանյանին էլ է ներգրավելու գործում:
Պաշտպանության նախկին նախարարը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հետ հետևյալ հարցադրումն էր արել՝ «Սահմանադրությունը ոտնահարողներն արդյո՞ք իրավունք ունեն արդարադատություն իրականացնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության և կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ-գնդապետների, նախագահի և այլոց նկատմամբ»:
Քոչարյան. - Սեյրան Օհանյանը շատ ծանրակշիռ դեմք է որպեսզի անհեթեթ մեղադրանքներով նրան մեղադրանք առաջադրվի։ Այդպիսի քայլի գնալուց առաջ նախաքննական մարմինը պարտադիր իր տրամադրության տակ պետք է ունենա ծանրակշիռ, փաստարկված նյութեր։ Ենթադրում եմ, որ այդ նյութերն առնչվելու են էլի հայտնի 0038 հրամանին, որովհետև այդ ժամանակ, ըստ էության, գլխավոր շտաբի պետը եղել է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, և էլի եմ ենթադրությունների դաշտից մեկնաբանություն անում, որ ենթադրում եմ՝ գլխավոր շտաբի պետի և նրա ղեկավարած վարչությունների անձնակազմի վրա է դրված եղել հրամանի կառուցվածքը պատրաստելը։ Իսկ դա նշանակում է, որ գլխավոր շտաբի պետը, եթե մասնակից է եղել այդ հրամանի պատրաստմանն, ապա ինչ-որ չափով պետք է բացատրություն տա, իսկ բացատրությունները, եթե չեն բավարարել նախաքննական մարմնին և նրանք տեսել են հանցակազմ, բնականաբար, նրանք ներկայացրել են նաև մեղադրանք։ Այստեղ քաղաքականացնել խնդիրը կարծում եմ պարզապես անիմաստ է։
«Ազատություն». - Պարոն Քոչարյան, բայց խնդրահարույց չէ՞, երբ որ կա այդ գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ ԱԱԾ պետը կոնկրետ ցուցում է տալիս ՀՔԾ պետին, որը նախաքննություն է իրականացնում, որ «Սեյրանին ձերբակալեք»։
Քոչարյան. - Գաղտնալսումը հայտնվել է շատ ավելի ուշ և դա չի առնչվում 0038 հրամանի հետ։ Ես խոսում եմ հիմա 0038 հրամանի հնարավոր մասնակցությունը տարբեր զինվորականների, մասնավորապես, այդ ժամանակ գլխավոր շտաբը ղեկավարող ամենաբարձրաստիճան զինվորական պաշտոնյայի մասին, որը եղել է Սեյրան Օհանյանը՝ շատ հարգված և Արցախի հերոս, և, կարծում եմ, որ հենց այդ հրամանը հիմք է տվել նախաքննական մարմնին ներկայացնել այդ մեղադրանքը, հիմա գաղտնալսման մեջ Ազգային անվտանգության պետն ի՞նչ է խոսում...
«Ազատություն». - Բայց իր մասին է խոսում։
Քոչարյան. - Խոսում է, երևակայի, այն շրջանակներում, որտեղ, ըստ էության, օպերատիվ տնտեսություն է Ազգային անվտանգության և տնօրինում է նաև Ազգային անվտանգության տնօրենը, և նա կարող էր համագործակցության, աշխատանքի շրջանակներում քննարկել նաև Քննչական կոմիտեի նախագահի հետ։ Հիմա պատկերացրեք, որ այդ գաղտնալսումը չկար, գործողությունը պետք է ՀՔԾ-ն չիրականացնե՞ր՝ եթե կար ձեռքի տակ արդեն ի հայտ եկած հանգամանքներ և նյութեր։
«Ծառուկյանի մասնակցությունը պետք է հերքվի ոչ միայն Ծառուկյանի, այլև նախաքննական մարմնի կողմից»
Հիշեցնենք՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2008-ի «Մարտի 1»-ի արյունալի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի առանցքային անդամներից մեկն էր:
Հենց այդ փաստահավաք խումբն էր իր զեկույցում խոսել «Մարտի 1»-ի իրադարձություններում բանակի ներգրավման, հույժ գաղտնի 0038 հրամանի առկայության, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների թիկնազորին պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից զինվորական հագուստների տրամադրման մասին:
Ի դեպ, այդ ցուցակում հիշատակվում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը: 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը Գագիկ Ծառուկյանը, սակայն, հերքեց իրեն վերագրվող մեղադրանքներն՝ ասելով՝ թող ապացուցեն իր մեղավորությունն ու մասնակցությունը «Մարտի 1»-ի արյունալի իրադարձություններին, իսկ եթե ոչ, ապա իրեն շանտաժ անողները պետք պատժվեն։
«Թիկնազորը՝ ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք, չի կարելի ցեխ շպրտել մարդու վրա։ Ով որ հայտարարել է Ծառուկյանի անունը, Ծառուկյանի թիկնազորի անունը, եթե ինքը չի ապացուցում, ուրեմն ինքն անբարոյական մարդ է, այդ անունը տվողը։ Տվել է, մեղավոր ենք, պատժվենք, իսկ եթե չէ, ուրեմն էդ շանտաժ անողները թող պատժվեն», - ասաց Ծառուկյանը։
Անդրանիկ Քոչարյանը մինչդեռ հակադարձում է՝ փաստահավաք խմբի զեկույցում տեղ գտած այդ տեղեկատվությունը պետք է հերքվի ոչ միայն Ծառուկյանի, այլև նախաքննություն իրականացնող մարմնի կողմից: Իսկ դրա համար բոլոր այն պաշտոնյաներն ու պատգամավորներն, որոնց անունները հրապարակվել են զեկույցում, պետք է գնան և ցուցմունք տան:
Նշենք, որ Ծառուկյանից բացի, հիշյալ ցուցակում շրջանառվում էր նաև այն ժամանակ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին պատգամավորներ Լևոն Սարգսյանի, Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի և Սամվել Ալեքսանյանի անունները:
Քոչարյան. - Բանակին ներքաշել են ներքաղաքական գործընթացների մեջ, նաև այդ ցուցակում եղած բազմաթիվ գործիչների, որոնց մի մասը պատգամավորներ են եղել, որոնք ունեցել են թիկնազոր։ Ի՞նչ ձևաչափով են օգտագործել նրանց ուժային բաղադրիչը, դա ո՛չ ոստիկանություն ա, ո՛չ Ազգային անվտանգություն ա, ո՛չ բանակ ա, բայց բոլորս էլ գիտենք, որ կան թիկնազորներ՝ կոնկրետ մարդիկ ունեին մարդկանց խմբեր, որոնք ապահովում էին իրենց անձի պահպանությունը։ Հիմա այն ժամանակվա իշխանություններն օգտագործել են նաև նրանց հնարավորություններն, ի՞նչ ծավալով, ի՞նչ չափով, հիմա նախաքննությունը դա կպարզաբանի, մենք ընդամենն ասել ենք, որ եղել է համազգեստի տրամադրման և գուցե այլ ինչ-որ բաների տրամադրման գործընթաց, որը հաստատեց նաև Գագիկ Մելքոնյանը՝ գեներալ-լեյտենանտ։
«Ազատություն». - Հիմա պե՞տք է այդ ցուցակում եղած անձինք կանչվեն նախաքննական մարմին և հարցաքննվեն։
Քոչարյան. - Նախաքննության ամբողջականությունն օրենքի պահանջ է, ոչ թե պետք է կանչվեն դա օրենքի պահանջ է, նրանք անպայման կկանչվեն, եթե մինչև հիմա չեն կանչվել։