Մոսկվան դրական է գնահատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Բաքվից հնչող հայտարարությունները և հուսով է, որ Երևանը նույնպես խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին հայտարարություն կանի։ Այդ մասին այսօր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Սերգեյ Լավրովին այսօր ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի լրագրողները ղարաբաղյան հակամարտության մասին հարց չէին տվել, սակայն երբ ադրբեջանցի լրագրողը հարցրեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց նաև ղարաբաղյան հակամարտությունից։
«Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն»:
«Հայաստանում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին», - նշել է Լավրովը և շարունակել. - «Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար»։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը»։
Ռուսաստանի արտգործնախարարը հայ լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև ադրբեջանական բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացի, ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարցին։
«Մենք պարբերաբար բարձրացնում ենք ծանր իրավիճակում գտնվող ռուսաստանցիների հարցն, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վստահեցնում եմ ձեզ, որ կոնկրետ այս թեմայի շուրջ հարցը մենք բարձրացրել ենք ադրբեջանական գործընկերների հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք, հիմնվելով իրավական նորմերի վրա, երկխոսության միջոցով հասնել արդյունավետ որոշումների մեր ադրբեջանցի կոլեգաների հետ և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան», - ասել է Լավրովը:
Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանովը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու աշխատանքային հրավերով ժամանելուց երեք օր անց:
Նրան նախ մեղադրում էին լրտեսության մեջ, ապա ութ տարվա ազատազրկման դատապարտեցին՝ թմրամիջոցների թրաֆիքինգի համար։
Ուելդանովի պաշտպաններն ու ընտանիքի անդամները մեղադրանքը չեն ընդունում և հայտարարում են, որ նրան դատապարտել են իր հայկական ծագման համար։ Ուելդանովը նրա կնոջ ազգանունն է։
Ավելի վաղ Մարատ Ուելդանով-Գալուստյանն իր քրոջ հետ հեռախոսազրույցում դիմել էր Ռուսաստանի կառավարությանն՝ օգնության համար:
Հավելենք, որ այսօր Լավրովը հայտարարել է, որ այս տարի Մոսկվայում կկայանան Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։ «Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթնաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, և վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա», - ասել է Լավրովը:
Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթնաժողովների այս շարքը սկսել են 2016-ից՝ համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: