Ներքաղաքական երկրաշարժ Մեծ Բրիտանիայում կամ Թերեզա Մեյի ջախջախիչ պարտությունը. «Բրեքզիթ»-ի ճակատագրի շուրջ անորոշությունը խորանում է:
Բրիտանական խորհրդարանը երեկ ուշ երեկոյան տապալեց Եվրամիությունից երկիրը դուրս բերելու վարչապետ Թերեզա Մեյի պլանը: Շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում կազմված ավելի քան 500 էջից բաղկացած համաձայնագրին, որը սահմանում է Եվրամիությունը լքելու ճանապարհային քարտեզը և կառույցի հետ հետագա հարաբերությունները, մերժեցին ոչ միայն «Բրեքզիթ»-ի հակառակորդները, այլ նաև Մեյի կուսակիցները: 432 դեմ, 202 կողմ՝ սա բրիտանական կառավարության թերևս ամենաջախջախիչ պարտությունն է 1924 թվականից ի վեր. ըստ էության ՝ խորհրդարանը իշխանական հեղաշրջում իրականացրեց:
Վարչապետ Մեյի այդ պատմական պարտությունից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը նախաձեռնեց կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն գործադիրի հրաժարականին, այլ նաև «Բրեքզիթ»-ի հետաձգման և նույնիսկ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով նոր հանրաքվեի: «Սա կառավարության աղետալի պարտությունն է»,- հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդը:
Եթե Քորբինի պլանը իրագործվի, ապա պահպանողական իշխանությունը երկու շաբաթ ունի նոր կառավարություն ձևավորելու համար, եթե դա էլ չհաջողվի՝ կհայտարարվեն արտահերթ ընտրություններ:
Ժամեր տևած քննարկումների ընթացքում երեկ բրիտանացի պատգամավորների մեծամասնությունը հիմնականում ծայրաստիճան բացասական տոնով էր խոսում «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի մասին, պատգամավորներից յուրաքանչյուրը, սակայն, դեմ էր տարբեր պատճառներով:
Միևնույն ժամանակ, Եվրամիության հետ հետագա հարաբերությունների հարցով և ոչ մի առաջարկ չարժանացավ պատգամավորների մեծամասնության հավանությանը, ինչը է՛լ ավելի է սրում ճգնաժամը և մեծացնում անորոշությունը:
Եվրասկեպտիկները դժգոհ են փաստաթղթից, քանի որ, ըստ դրա, Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020 թվականը, իսկ հնարավոր է նաև՝ ավելի երկար ժամանակ, փաստացի ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին՝ միևնույն ժամանակ չունենալով ձայնի իրավունք: Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվե անցկացնել, ինչն էլ անհնար է համարում վարչապետ Մեյը՝ վկայակոչելով 2016 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, ըստ որոնց՝ բրիտանացիների մոտ 52 տոկոսը կողմ է քվեարկել Եվրոպական միությունից դուրս գալուն:
«Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, թե ինչին է դեմ Համայնքների պալատը, սակայն ոչինչ չասաց այն մասին, թե ինչին է կողմ, ինչ է պատրաստվում անել և արդյոք առհասարակ պատրաստվում է հարգել ժողովրդի որոշումը», - խորհրդարանի քվեարկությունից հետո պատգամավորների հրաժարականի կոչերի ներքո հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը, ով Բրյուսելին խոստանում էր Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մեկնարկը տալ արդեն առաջիկա մարտին: