Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը այսօր ավարտվեց. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին 17։30-ին:

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգել, միևնույն ժամանակ դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին դատարանին է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրավի դիմաց ազատ արձակելու իրենց միջնորդությունը չի քննվել և, ըստ էության, այդ միջնորդությունը դառնում է առարկայազուրկ:

«Որոշակի անոմալ վիճակ է ստեղծվել, քանի որ մենք ներկայացրած ենք եղել գրավի միջնորդություն նախկինում, որը որ պետք է քննվեր մեր կարծիքով առանձին և որոշում կայացվեր, քանի որ դա վերաբերում էր երկրորդ կալանավորմանը Վերաքննիչ դատարանի կողմից։ Բայց քանի որ քննվեց արդեն կալանքի երկարացման միջնորդությունը, հետևաբար գրավի միջնորդություն, որպես էդպիսին, ներկայացվել է արդեն ոչ թե մեր նախկին միջնորդությունը, չնայած կարող է տպավորություն ստեղծվել՝ պնդել ենք կամ չենք պնդել, բայց արդեն երկրորդ անգամ կալանքի երկարացման միջնորդության քննության շրջանակներում, այսինքն իրավական տեսակետից երրորդ անգամ կալանավորելուց համապատասխան գրավը կիրառելու միջնորդությամբ։ Գումարի չափ չենք սահմանել, թողել ենք դատարանի հայեցողությանը», - նշեց Օրբելյանը։

Ինչ վերաբերում է երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ պաշտպանական կողմը պատրաստվում էր դատարանին «Մարտի 1»-ի հանրահավաքներից տեսանյութեր ներկայացնել, Արամ Օրբելյանը հաստատեց, որ այսօր դրանք փոխանցել են դատարանին։

«Պարունակությունը վերաբերում է ինչպես մարտի 1-ի երեկոյան, մարտի 1-ի ցերեկը, այնպես էլ որոշակի գործընթացների հիմքերին։ Ավելի մանրամասն այս պահին չեմ կարող ասել, բայց ըստ էության, այդ տեսանյութերից ակնհայտորեն երևում է որոշակի գործընթացներում խաղաղ չլինելու փաստը։ Որևէ նյութ, որը հանրությանը հայտնի չի կամ առնվազն հանրությունը հնարավորություն չունի ծանոթանալու, չի ներկայացվել։ Բոլոր նյութերը համացանցից են», - ասաց Քոչարյանի պաշտպանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Արամ Օրբելյանը չբացառեց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Խոսքն, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։

«Չի բացառվում, որ ներառի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը։ Այսինքն ի հավելումն հետապնդումների դատարանը հաստատում է, որ առկա են խախտումներ արդար դատաքննության կամ ազատության, նաև դրան հավելում է 18-րդ հոդվածը, որը արձանագրում է, որ խախտումների հիմքում դրված են ոչ թե ուղղակի խախտումներ, այլ խախտումներ որոշակի հանգամանքներով՝ տվյալ դեպքում քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ կապված, Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված, որոշակի սահմանումներում առկա են քաղբանտարկյալի սահմանումներ, որի տակ ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը։ Այս պահին դեռևս, զուտ հայկական դատական գործընթացներում, այս կոնտեքստում հարցը չի քննարկվում», - ասաց Օրբելյանը։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մինչ այդ դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել էր դատախազների և քննիչի միջնորդությունը, և նրա ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Սակայն դատավոր Գրիգորյանը նույնպես հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Մամուլում եղել էին հրապարկումներ այն մասին, որ գործով քննիչ Հրաչ Մուշեղյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ ընկերական հարաբերություններ ունի։ Պաշտպանը այս հարցի շուրջ խոսել է Քոչարյանի որդու հետ և պնդում է՝ ընդամենը համակուրսեցիներ են եղել։

«Մտերիմ հարաբերություններ չունեն։ Ես հարցրեցի Լևոն Քոչարյանին՝ նշեց, որ ինքն էլ է ճշտել՝ եղել են մի կուրսում։ Դե կուրսը 200 քանի հոգի է եղել, եղել է մի քանի հոսքից բաղկացած, և որպես այդպիսին ինքը չի իմացել։ Ջերմ ընկերական կամ ոչ ընկերական հարաբերություններ, կամ թշնամական, նկատի ունեմ, նույնպես չի եղել։ Դե ուղղակի սովորել են նույն կուրսում», - նշեց Օրբելյանը։

Ինչպես և նախորդ նիստին, այս անգամ ևս Քոչարյանը դատարան չէր բերվել:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: