ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումը թեժ վիճաբանություն հարուցեց խորհրդարանում

Ազգային ժողովում այսօր վեճ ծագեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կոշտ քննադատության ենթարկեց նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, դեսպանների ընտրությունը:

Նա, մասնավորապես, հիշատակեց Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին՝ պնդելով, թե վերջինս սպասարկել է տեղի հայ կրիմինալի և Ռուսաստանի շահերը․ - «Անդրանիկ Մանուկյանը տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Ըստ տեղեկությունների, այդ նույն անձը Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն ու դիվանագիտական ներկայուցուցչությունը տարիներ ի վեր ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի շահերը առաջ մղելուն, քան Հայաստանի»:

Անդրանիկ Մանուկյանը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է․ նրա որդին՝ Դավիթ Մանուկյանը Ծառուկյանի փեսան է և ԱԺ պատգամավոր (ԲՀԿ): Նույն խմբակցության պատգամավոր է նաև Արման Աբովյանը, ով երեք տարի եղել է Մանուկյանի խորհրդականը Ուկրաինայում:

Արման Բաբաջանյանի այս ելույթին արձագանքեց հենց Արման Աբովյանը՝ հայտարարելով, թե Բաբաջանյանը ադրբեջանական քարոզչության թեզերն է ներկայացնում խորհրդարանական ամբիոնից․ - «Ի՞նչն ա Ձեզ ստիպում շարունակական զրպարտությունով զբաղվել»:

Այս ելույթի ժամանակ կրքերը նիստերի դահլիճում թեժացան՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները տեղից սկսեցին միմյանց վրա բղավել՝ անտեսելով ԱԺ նախագահի հորդորները:

Արման Աբովյանն ասաց, որ խմբակցությունում քննարկելու են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացնել-չներկայացնելու հարցը․ - «Մենք իհարկե կքննարկենք․․․ Ես հասկանում եմ, որ հնարավոր է էս սադրանքի որոշակի նպատակներից մեկը քաղաքական դաշտում որոշակի մի տեղ զբաղեցնելն է: Սա բավականին հետաքրքիր տեխնոլոգիա է, որը, հաշվի առնելով պարոն Բաբաջանյանի հմտությունները, հնարավոր է իրենք փորձում են կիրառել»:

Բաբաջանյանը դեմ չէ․ - «Շատ լավ: Պատրաստ եմ դատարանում հանդես գալ և ներկայացնել փաստեր»:

Իր խոսքը ադրբեջանական քարոզչության թեզերի հետ կապելու փորձերը Բաբաջանյանը ծիծաղելի որակեց․ - «Դա շատ հին մեթոդ է ընդհանրապես հակադարձման: Ծիծաղելի է ուղղակի, որովհետև փաստերը, որոնք որ առկա են, ես ամբողջությամբ չեմ ներկայացրել: Անդրանիկ Մանուկյանը ինքը քանիցս նշել է, որ ինքը դիվանագետ չէ, որ ինքը բիզնեսմեն է: Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը, որ երեք տարի նրա օգնականն է եղել, պատմի, օրինակ, հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչև հիմա Անդրանիկ Մանուկյանը ունի Ուկրաինայում»:

Լրագրողները Արման Բաբաջանյանից, ում հիմնադրած 1in.am լրատվական կայքը կապվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, հետաքրքրվեցին, թե արդյոք քննադատության արժանի նախկին դեսպանների թվում չէ նաև Մինասյանը:

«Ես կարծում եմ, որ ինքը լավագույն դեսպաններից է եղել», - պատասխանեց Արման Բաբաջանյանը՝ որպես փաստարկ բերելով Հռոմի պապի այցը Հայաստան ու նրա մատուցած պատարագը Ցեղասպանության զոհերի հիշատակին: - «Ես կարծում եմ, որ իշխանությունները որոշել են, որ նա այլևս չպիտի շարունակի իր պաշտոնավարումը»:

Ազգային ժողովում այսօր շարունակվում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովներում ութում նախագահներ է առաջադրել «Իմ քայլը» դաշինքը, երկուսում՝ «Բարգավաճ Հայաստանը», մեկում՝ «Լուսավոր Հայաստանը»:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ: