Թուրք ազգայնականները Ստամբուլում հակաամերիկյան ցույց են անցկացրել

Թուրք ազգայնական Դողու Փերինչեք, արխիվ

Թուրք հայտնի ազգայնական Դողու Փերինչեքի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը նախօրեին հակաամերիկյան ցույց է անցկացրել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջև:

Ազգայնականների դժգոհության պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս Twitter-ում արած գրառումն էր, թե Վաշինգտոնը Թուրքիան կկործանի տնտեսապես, եթե Անկարան հարձակվի Սիրիայում գործող քրդական ուժերի վրա:

Թուրքական «Հյուրիյեթ»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է իրականացրել, փակվել են հյուպատոսարան տանող բոլոր ճանապարհները:

Ազգայնական կուսակցության անունից ելույթ ունեցած Ջեմ Դիքմենը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Սիրիայում պարտվել է, և հիմա սին հայտարարություններ ու սպառնալիքներ հնչեցնողները փորձում են ներքաղաքական դաշտում դիվիդենտներ շահել:

«Մեր տարածաշրջանի ճակատագիրը ոչ թե Թրամփը, այլ թուրքական բանակի սվինն է որոշելու» գրությամբ պաստառով ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ «Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Թուրքերն ու քրդերը եղբայրներ են, ԱՄՆ-ը խաբեբա է» հակաամերիկյան կոչեր են հնչեցրել: