2025 թվականին Հայաստանում մահերը գերազանցելու են ծնունդներին, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ 2010 թվականից Հայաստանում ծնունդների թիվը նվազում է։
«2010 թվականից մենք ունենք ծնունդների թվաքանակի անկում, և այդ ծնունդների թվաքանակի անկումը վերջին տարիներին պայմանավորված է նրանով, որ նվազում է ամուսնությունների թվաքանակը։ Այսինքն՝ դա օբյեկտիվ գործոն է, որովհետև ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ական թվականներին ծնված սերունդը, որը 40 տոկոսով ավելի պակաս է, քան՝ 80-ական թվականներին ծնվածը և չհաշված, որ այդ սերունդից էլ արտագաղթի հետևանքով 20-25 տոկոսը ներկայումս բացակայում է Հայաստանից, ըստ տվյալների», - ասաց ժողովրդագրագետը։
Արտակ Մարկոսյանն ընդգծեց՝ այսօրվա խնդիրը դեպոպուլյացիա թույլ չտալն է։
«2010-2017 թվականների ընթացքում առաջնեկների թիվը ծնունդների ընդհանուր թվաքանակում նվազել է մոտ 32 տոկոսով՝ 49 տոկոսից իջել է մինչև 40 տոկոս, երկրորդ երեխաների ծնունդով նորմալ է՝ թվաքանակն այնքան անկում չի գրանցել, այսինքն՝ մենք այսօր առնչվելու ենք այդ հիմնախնդրին, մենք ասում ենք՝ մեր այսօրվա խնդիրը դեպոպուլյացիա թույլ չտալն է, որովհետև արդեն իսկ այս տարվա 9 ամիսների կտրվածքով Լոռու և Տավուշի մարզերում գրանցվել է բնակության բնական աճի նվազում՝ մահերը գերազանցել են ծնունդներին», - ասաց ժողովրդագրագետը։
Հարցին, թե սա առաջին անգա՞մն է՝ 90 թվականից ի վեր, Մարկոսյանը պատասխանեց. - «Երկու-երեք տարի արդեն կան, տարվա կտրվածքով դրական է եղել շատ չնչին, բայց գործընթացը տանում է դրան։ Ըստ կանխատեսումների, 2025 թվականին մեզ մոտ դեպոպուլյացիա է լինելու, այսինքն՝ մահերը գերազանցելու են ծնունդներին՝ արդեն ամբողջ Հայաստանի մասին է խոսքը: Այսինքն՝ եթե նույնիսկ արտագաղթը կանգ առնի, այստեղ լինի նորմալ սոցիալ-տնտեսական իրավիճակ, և եթե մենք չբարձրացնենք ծնունդների թվաքանակը, մենք կսկսենք նվազել այդ հետևանքով՝ մահերի ավելացման, ծնունդների պակասի հետևանքով: Մեզ առաջին տարիներին սպասում է ամուսնությունների կտրուկ անկում, ամուսնությունների կտրուկ անկման հետևանքով կտրուկ նվազելու է նաև ծնունդների թվաքանակը»։
Հարցին, թե ինչ-որ թվեր կա՞ն արդեն, թե մահերի քանակը որքանով կգերազանցի ծնունդների քանակին, Մարկոսյանը պատասխանեց. - «Կանխատեսումներ կան, որ նվազում լինելու է, բայց կոնկրետ թվերի մասին՝ չկան»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.