Հայերեն լույս է տեսել Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գիրքը

Յուրի Կարաբչիևսկի

Գրքի գլխավոր հերոսը Հրանտ Մաթևոսյանն է:

Հրեական արմատներով ռուս դիսիդենտ գրող Յուրի Կարաբչիևսկու անունն այսօր Հայաստանում քչերին է հայտնի, բայց անցյալ դարի 80-ականների նրա հեղինակած «Կարոտ առ Հայաստան» գիրքը ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում մեծ արձագանք ունեցավ:

Անցյալ տարեվերջին Մշակույթի նախարարության աջակցությամբ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը լույս ընծայեց Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գիրքը հայերեն՝ Կարինե Մեսրոպյանի թարգմանությամբ:

Ուշագրավ է, որ այս գիրքը ստեղծվել է Անդրեյ Բիտովի հանրահայտ «Հայաստանի դասերը» գրքի անմիջական ազդեցությամբ, իսկ Հայաստանին նվիրված այս երկու գրքերը ի վերջո ծնունդ են առել մեր մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի և նրա գրականության շնորհիվ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը․ - «Կարաբչիևսկին Հայաստան էր այցելել անցած դարի 70-ականներին: Եկել էր Բիտովի հետքերով՝ կարդալով նրա «Հայաստանի դասերը» գիրքը: Գործուղվել էր Հայաստան․ բարձրակարգ ինժեներ էր, ինչ-որ հիմնարկից իրեն ուղարկել էին Հայաստանում աշխատելու և ապրելու: Եվ էդ ընթացքում ինքը իր համար բացահայտեց Հայաստանը, շփվեց Մաթևոսյանի հետ, բացահայտեց Մաթևոսյանին: Կարծում եմ, լավ գիրք է: Կարինե Մեսրոպյանին շնորհակալություն թարգմանության համար»:

Կարինե Մեսրոպյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Նա կարդացել էր Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները և իր համար բացահայտել էր Հայաստանը»:

Ի դեպ, գրքի գլխավոր հերոսն ինքը՝ Հրանտ Մաթևոսյան գրողն է:

«Այնքան իրական, որ քեզ թվում է, թե հենց նոր հանդիպել ես իրեն», - ասաց Մեսրոպյանը: - «Կարաբչիևսկուն իսկապես հաջողվեց պատկերել այն Հրանտ Մաթևոսյանին, որին մենք մոտիկից ճանաչել ենք, որի հետ բախտ ենք ունեցել, երջանկություն ենք ունեցել իր հետ աշխատել, իր հետ շփվել: Եվ Կարաբչիևսկու գրքի գլխավոր առանցքը՝ թե որն է Հայաստանը, դա Հրանտ Մաթևոսյանի սերն ու կարոտն է առ Հայաստան»:

Յուրի Կարաբչիևսկին բանաստեղծական իր առաջին ստեղծագործությունները հրատարակել է 1955-ին, հետո՝ սկսած 1974-ից մինչև 1988 թվականը տպագրվել է միայն արևմուտքում հրատարակվող ռուսական տարբեր պարբերականներում և հանդեսներում:

Արտասահմանում հրատարակած առաջին գործը 1974-ին «Մանդելշտամի փողոցը» խորագրով ակնարկն էր, որը Ռուսաստանում հնարավոր եղավ հրատարակել միայն 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո:

1979֊ին Յուրի Կարաբչիրվսկին հայտնվեց մի քաղաքական սկանդալային պատմության մեջ՝ ռուս մեկ այլ ազատամիտ ու ազատատենչ գրող ԱնդրելԲիտովը նրան հրավիրել էր իր հետ միասին հրատարակելու այն ժամանակ աղմկահարույց արձագանք ունեցած «Մետրոպոլ» խորագրով անկախ ալմանախը, որն իհարկե չէր կարող վրիպել ԿԳԲ-ի ահարկու աչքից և, բնականաբար, հետապնդումների և ճնշումների պատճառ դարձավ՝ Կարաբչիևսկուն դիսիդենտ գրողի համբավ բերելով:

Բայց իրական գրական համբավ նրան բերեց, իհարկե, 1985-ին Մյունխենում հրատարակած «Մայակովսկու հարությունը» խորագրով գիրքը, որը նրա հեղինակած մի շարք այլ գրքերի հետ հետագայում լույս տեսավ նաև Ռուսաստանում: Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե այլևս ոչինչ չի կարող խոչընդոտել գրողի գրական գործունեությանը, բայց Կարաբչիևսկին կյանքի վերջին երկու տարիներին ՝1990-1992 Իսրայելում բնակություն հաստատելուց հետո վերադառնում է Մոսկվա, որտեղ 1992 թվականին վախճանվում է՝ մեծ քանակությամբ քնաբեր դեղ ընդունելուց հետո: