Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն բլոգեր Մեհման Հուսեյնովի, ով հրաժարվել է սննդից՝ բողոքելով իր նկատմամբ հարուցված նոր քրեական գործի դեմ:
Երկու տարվա ազատազրկման դատապարտված բլոգերը առաջիկա ամիսներին պետք է ազատ արձակվեր, սակայն նոր քրեական գործով նրան 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:
Մեհման Հուսեյնովի դեմ թե՛ առաջին և թե՛ երկրորդ քրեական գործերը իրավապաշտպանները շինծու են համարում՝ պնդելով, որ իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում Հուսեյնովից, ով հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքի մասին իր բացահայտումներով:
Մեհման Հուսեյնովից բացի, ադրբեջանական բանտերում գտնվող ևս 9 ընդդիմադիր ակտիվիստներ հացադուլ են հայտարարել: Քաղբանտարկյալներ Իլքին Ռուստամզադեն, Բայրամ Մամեդովը, Ախսան Նուրուզադեն և Էլչին Իսմայիլը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ այդ ծայրահեղ քայլով պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Ի պաշտպանություն Հուսեյնովի՝ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում շարունակվում է մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների հացադուլը ևս:
Հերթական անգամ արևմտյան պետությունների և իրավապաշտպան կառույցների քննադատության թիրախում հայտնված պաշտոնական Բաքուն ի պատասխան միայն հայտարարել է, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչն ուսումնասիրում են պատկան մարմինները: