Բանակում մահվան դեպքերը 2018-ին նվազել են 17, իսկ զինծառայության հետ կապված մահվան դեպքերը՝ 32 տոկոսով

ՀՀ ԶՈւ ստորաբաժանում, արխիվ

Հայաստանի Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ 63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական
ծառայություն անցնելու հետ, 25-ինը տեղի են ունեցել զինվորական ծառայության
հետ չկապված հանգամանքներում:

Դատախազությունը թվարկում է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների. - «7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 3-ը դժբախտ պատահարից, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով»:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ
պատճառների. - «11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից, 10-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ դժբախտ պատահարներից»:

Դատախազությունը նշում է, որ 2017 թվականի ընթացքում Հայաստանի Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինի հետ չկապված:

«Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈւ-երում մահվան դեպքերը
նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը: Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը», - ասված է հաղորդագրությունում: