Արդարացում փնտրելու փոխարեն պետք է խնդիրն արդարացի լուծեին. Խաժակյանը՝ «Փոքրիկ երգիչներ»-ի շենքի փլուզման մասին

Արդարացում փնտրելու փոխարեն պետք է խնդիրն արդարացի լուծեին, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի փլուզման խնդրին։

«Երեք օղակները՝ Երևանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության կոմիտեն, Մշակույթի նախարարությունը՝ երեքը մեկը մյուսին ուղղելով հարցեր փորձում են պարզել, թե ի վերջո դա ո՞ւմ էր ուղղված։ Բայց ինձ այդ ամենի մեջ ոչ թե մտահոգեց այն, որ երեքը հիմա իրար են մեղադրում, այլ մտահոգեց այն, որ հիշեցին, որ դա հին շինթույլտվության հետևանք էր՝ նախկինի ժառանգություն էր, որն, ի դեպ, այդպես էլ կա, այսինքն՝ եթե չլիներ շինթույլտվություն նախկինում այնպիսին ինչպիսին կար, դա այսօր չէր առաջանա: Բայց, մյուս կողմից, քաղաքապետարանը, կամ այս երեք կառույցները խնդիրը վերցրել էին այն ժամանակ, երբ դեռևս հնարավորություն կար քայլեր ձեռնարկելու, ինչպես իրենք են անընդհատ կրկնում՝ վատ ժառանգությունը հասած թոթափելու, կամ ի վերջո այդ ժառանգության խնդիրը լուծելու», - ասաց Խաժակյանը։

Ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց՝ Տարոն Մարգարյանը հեռացավ, որովհետև մարդիկ իրենց դժգոհություն էին արտահայտում։

«Վատ կառավարողը երբ գնում է և գալիս է լավ կառավարողը, պետք է խնդիրը լուծի, երբ նա հղում է տալիս, որ «նախկինում էնքան վատ են արել, որ ես հիմա չեմ կարող այս խնդիրը լուծել», նշանակում է, որ ժողովուրդը մի քիչ ճիշտ չի կողմնորոշվել, թե ում պետք է վստահեր՝ այդ խնդիրը լուծելու համար։ Մի քիչ այսպես ավելի սուր եմ ներկայացնում խնդիրը, բայց ես ամեն անգամ մտածում եմ, որ արդարացում փնտրելու փոխարեն պետք է խնդիրն արդարացի լուծեին։ Այո՛, գիտեին, որ քանդվելու է և ի վերջո հասան նրան, որ քանդվեց։ Հիմա էլ ես եմ անընդհատ հայտարարում, որ ամռանն աղբահանության վիճակը վատ է լինելու, եթե այսպես գնա, և եթե ամռանը վատ լինի, պետք է ասեն, որ «նորից շահարկում եք», բայց ասում եմ հիմիկվանից, որովհետև իրերի դրությունը բերելու է դրան», - ասաց Խաժակյանը։

Հարցին, թե քաղաքային այս իշխանությունից ի՞նչ ակնկալիքներ ունեն, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Անկեղծ ասած, ես մտածում էի, որ համատեղ աշխատանքի ընդհանուր կետերը ավելի շատ են լինելու, տրամադրված էի, որ պետք է առաջարկություններ ներկայացնեինք մեր պատկերացումների մասին համակարգային խնդիրների լուծման, առանձին խնդիրներ բարձրաձայնեինք, առաջարկեինք դրանց լուծումները: Երբ հետո հանդիպեցինք այնպիսի փոփոխությունների, որոնք պետք է պահել, որ հետընթաց տեղի չունենա, արդեն մոռացանք առաջընթացն ապահովող առաջարկների մասին: Եվ իսկապես մենք պլանավորում ենք մի քանի ավագանու որոշման նախագիծ բերել օրակարգ, որոնք մնացին, որովհետև այն բյուջեն, որ բերվեց, այն հնգամյա զարգացման ծրագիրը, որ բերվեց, այն հաստիքացուցակների ծավալը, որ բերվեց, մենք հասկացանք, որ պետք է խոսենք սրա մասին, որովհետև առանց քննադատության կարող է մարդիկ կարծեն, որ ինչ անում են՝ ճիշտ են անում»։