Առաջիկա ժամերին բրիտանական խորհրդարանում քվեարկության կդրվի «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագիրը, որին դեմ է խորհրդարանի մեծամասնությունը:
Ըստ կանխատեսումների՝ այդ քվեարկության արդյունքում կարող է տապալվել ոչ միայն փաստաթուղթը, այլ նաև գործող կառավարությունը: Ընդդիմությունից բացի փաստաթղթին դեմ քվեարկելու մտադրության մասին են հայտարարում նաև իշխանական ճամբարի ներկայացուցիչներ:
Քվեարկությունից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերթական անգամ դիմել է խորհրդարանին՝ կոչ անելով աջակցել փաստաթղթին: Մեյի խոսքով՝ փաստաթղթից հրաժարվելը նշանակում է Եվրամիությունից դուրս գալ առանց պայմանավորվածությունների կամ առհասարակ հրաժարվել «Բրեքզիթ»-ից, ինչը, բրիտանական ղեկավարի կարծիքով, կնշանակի ստել ընտրողներին:
Մեյի այս հայտարարությունները հնչում են երկրում ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի ֆոնին, որը համարվում է թերևս ամենալուրջը Մեծ Բրիտանիայի հետպատերազմական քաղաքական պատմության ընթացքում. Եվրամիությունից դուրս գալու մասին հաստափոր համաձայնագիրը մերժում են թե՛ «Բրեքզիթ»-ի կողմնակիցները, թե՛ հակառակորդները: Եվրասկեպտիկները դժգոհ են փաստաթղթից, քանի որ, ըստ դրա, Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020 թվականը, իսկ հնարավոր է նաև՝ ավելի երկար ժամանակ, փաստացի ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին՝ միևնույն ժամանակ չունենալով ձայնի իրավունք: Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվե անցկացնել:
Անցած շաբաթներին Մեծ Բրիտանիայում երկու նախարար և երեք փոխնախարար հրաժարական են ներկայացրել՝ չհամաձայնելով «Բրեքզիթ»-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Sunday Express թերթում հրապարակած իր նամակում Մեծ Բրիտանիայի վարչապետը մասնավորապես շեշտել է՝ եթե խորհրդարանը հրաժարվի հավանություն տալ համաձայնագրին, ապա Բրիտանիան Եվրամիությունը կլքի առանց պայմանավորվածությունների և անկանխատեսելի հետևանքներով, կամ եթե պատգամավորները արգելափակեն այդ հնարավորությունը, Բրիտանիան կարող է մնալ Եվրամիությունում՝ այդպիսով արհամարհելով 2016 թվականի հանրաքվեի արդյունքները:
Այսօր նախատեսված քվեարկությունից առաջ բրիտանական իշխանություններին նամակ են հղել Եվրամիության ղեկավարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, որոնք կօգնեն Լոնդոնին խուսափել հետագա անորոշությունից՝ Եվրոպական միությունը լքելուց հետո: