Հայաստանի վարչապետին շնորհավորել է Արցախի նախագահը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Արցախի նախագահ Բակո Սահակյան, հունիս, 2018թ.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ»:

Լեռնային Ղարաբաղի նախագահը համոզմունք է հայտնում, որ «կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ»: