Հունվարի 19-ին Ստամբուլում տեղի կունենա պոլսահայ նշանավոր մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Դինքի մտերիմները կհավաքվեն «Ակօս»-ի նախկին խմբագրության առջև, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կողմից արձակված կրակոցներից սպանվել էլ հայազգի լրագրողը։
Միջոցառման կազմակերպիչները՝ «Դինքի ընկերներ» նախաձեռնող խումբը «Չենք հրաժարվում, աղբարիկ» կարգախոսի ներքո հանդես են եկել կոչով՝ հրավիրելով շաբաթ օրը 15:00-ին լինել նույն տեղում՝ Դինքի սպանության վայրում:
Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի անց նրա ընտանիքն ու շահերը ներկայացնող փաստաբանները շարունակում են պնդել, որ հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։ Տարիներ շարունակ Դինքի սպանության դատական գործին ուշի-ուշով հետևող նախաձեռնող խումբը հաստատակամ է՝ չեն հրաժարվելու պայքարից, քանի դեռ արդարություն չի հաստատվել:
«12 տարի է արդարություն չկա, Հրանտը չկա, հրաժարվել չկա», - ասված է նախաձեռնության հրապարակած հաղորդագրության մեջ: