Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. - «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման և կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար: Ուզում եմ շնորհավորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով»:
«Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «թավշյա հեղափոխության» գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից և դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը: Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ: Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր Հայրենիքի և ողջ հայ ժողովրդի», - ասել է Արմեն Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով նախագահին` նորանշանակ վարչապետն ասել է. - «Հարգելի՛ պարոն նախագահ, Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ»:
«Տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչև այժմ եղած քաղաքական փոփոխությունները: Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, և նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձևով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները և այդ պարտավորությունները կատարի: Այստեղ շատ կարևորում եմ մեր պետական ինստիտուտների համագործակցությունը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ», - ասել է վարչապետը:
«Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին և այդ գաղափարին: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրենց իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլև նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
«Ի վերջո մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն: Եվ ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլ հպարտ լինեն ըստ էության: Այսինքն հպարտ լինեն, որովհետև ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով և Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճությամբ: Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլև պաշտպանված: Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու բարգավաճ երկրում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, վստահ լինելով իր այսօրվա համար, վստահ է լինելու իրենց երեխաների ու թոռների ապագայի համար», - հայտարարել է Արմեն Սարգսյանը՝ հաջողություն մաղթելով վարչապետին, կառավարությանը և Ազգային ժողովին, «որովհետև նրանք շատ մեծ անելիք ունեն»:
«Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ-որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում: Բայց ըստ էության նաև իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլև կառուցվածքային իմաստով: Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձևակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները: Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը և, ինչու ոչ, նաև չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է», - նշել է նախագահը:
«Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաև իմ հաջողությունն է», - շեշտել է Արմեն Սարգսյանը: