«Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք». ՀՀ նախագահի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովում

Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկին ասաց նախագահ Արմեն Սարգսյանը, նշելով՝ սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

«Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին», - իր ելույթում ասաց նախագահը՝ շարունակելով. - «Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան»:

Նոր Հայաստանը կառուցելու համար, ինչպես նախագահն ասաց, դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում և տարբեր մակարդակներով:

«Առաջնային հարց է մնում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները և ազատություններն պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարևորագույն բաղկացուցիչ մասը: Եվ հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում», - ասաց նախագահը:

Ըստ Արմեն Սարգսյանի, 21-րդ դարը սրընթաց փոփոխությունների, արագ գնահատականների և որոշումների, խորը փոխկապակցվածության դար է լինելու:

«Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեր մոտեցումները: Գիտակցելով մեր իրական և թվացյալ առավելություններն ու թերությունները, ունենալով հստակ տեսլական և ծրագիր՝ օգտագործենք աշխատող, ստեղծող, մտածող ազգի մեր կարողությունները 21-րդ դարում: Այո, փոխվում են ժամանակները, սակայն անփոփոխ են մեր նպատակները` նպաստել հզոր ու զարգացած Հայաստանի կերտմանը, նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձևավորմանը: Սրանք են մեր նպատակները: Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ հաշվի առնելով արտաքին ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները», - ասաց նախագահը՝ շարունակելով. - «Այդ մարտահրավերների շարքը երկար է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորում, Հայաստանի ու Արցախի անվտանգության բարձրացում, բանակի արդիականացում, եվրասիական և եվրոպական ուղղություններով համագործակցության խորացում, համագործակցության զարգացում հարևանների, համաշխարհային բոլոր դերակատարների, բոլոր գործընկերների և, իհարկե, բարեկամների հետ, Հայաստանի տեղի ամրապնդում աշխարհում՝ որպես միջազգային հուսալի և կայուն գործընկեր: Այս ամենի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մոտեցումներ և հմտություններ: Մաղթում եմ ձեզ հաջողություն»:

Նախագահի խոսքով՝ նոր Հայաստանը պետք է հանդես գա որպես գիտության, մշակույթի, կրթության և նոր տեխնոլոգիաների աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը, խթանի նորարարությունը, ստեղծարար միտքը:

«Պետք է ձգտել աշխարհին պարգևել Նոբելյան մրցանակակիրներ, նոր Թումանյաններ և Կոմիտասներ, նոր Արշիլ Գորկիներ, Համբարձումյաններ, Խաչատրյաններ, նոր Գյուլբենկյաններ և Քրքորյաններ: Եվ իհարկե, բացի իրավական, ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներից, Նոր Հայաստանում մեզանից յուրաքանչյուրը նույնպես պետք է ստանձնի «բարեփոխվելու» պարտավորություն, պետք է կատարելագործի իր արժեհամակարգը, հասկանա իր ազգային և անհատական ինքնությունը և դրանից բխող բոլոր պատասխանատվությունները», - ասաց Արմեն Սարգսյանը՝ շարունակելով. - «Հարգելի պատգամավորներ, այն հասարակությունը, որ մենք պետք է զարգացնենք այսօր, կառուցվելու է մեր վարքի, հանդուրժողականության, բազմակարծության հանդեպ հարգանքի և վստահության վրա, կառուցվելու է մեր աշխատելու ունակությամբ, ստեղծելու և ստեղծագործելու կարողությամբ, կառուցվելու է այս պատերի ներքո կայացվելիք ողջամիտ որոշումներով: Որոշումներ, որոնք կոչված են բարելավելու մեր կյանքը ոչ միայն այսօր, այլև վաղը՝ ապագա սերունդների համար: Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները և տեսակետները: Բազմակարծությունը, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը և հարգանքը փոքրամասնությունների հանդեպ արժեքներ են, նաև՝ առաջընթացի շարժիչ ուժեր: Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին: Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլևս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաև դրանց կենսագործման վերահսկողությունը, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև տարանջատման, զսպման և հակակշռման մեխանիզմների ստեղծումը և կիրառումը, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին»:

Նախագահը խորհուրդ տվեց այսօր հաջողության հասնելու համար սևեռել ուշադրությունը և գործունեությունը ապագայի վրա:

«Աշխատենք բոլորս միասին և բոլորս բոլորի համար սկզբունքով: Եվ ինքներս մեզ միշտ հարցնենք՝ ի՞նչ պայմաններում են ապրելու և ի՞նչ հնարավորություններ են ունենալու մեր երեխաները սրանից 10, 20 և ինչու չէ, 100 տարի հետո: Աշխատենք կառուցել մի հասարակություն, որի հիմքում ընկած են կայուն-հարատև զարգացման հիմունքները: Կայուն, հարատև զարգացումը հնչեղ կարգախոս չէ միայն, այն կենսական խնդիր է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել: Կայուն, հարատև զարգացման մասին արժե լրջորեն խորհել նախքան որոշումներ կայացնելը մեր հողի, ջրի, բնական պաշարների, ազգային ժառանգության և արժեքների վերաբերյալ: Նոր Հայաստանում, երիտասարդ Հայաստանում, պետք է խթանել սերունդների, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջև փոխադարձ վստահությունն ու հարգանքը, արդյունավետ համագործակցությունը: Երբ ասում եմ երիտասարդ, ես նկատի ունեմ ոչ միայն տարիքը, այլ նախ և առաջ մտքի և հոգու կայտառությունը, փնտրելու և գտնելու, սովորելու և ստեղծագործելու ունակությունը: Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող և հաղթելու հնարավորություն ունեցող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա այսօրվա բոլոր միտումները: Այսինքն, մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային համակապակցված ազգ», - ասաց նախագահը՝ շարունակելով. - «Եվ իհարկե, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով: Հայաստանը իրո՛ք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում»:

Այդ ուղին հեշտ չի լինելու, ասաց Արմեն Սարգսյանը՝ նշելով՝ հավատում է ժողովրդի անսպառ տաղանդին և անկոտրում ոգուն:

«Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այդ ճանապարին ընկած բոլոր դժվարությունները: Մեզ բոլորիս մաղթում եմ կազմակերպվածություն, առողջ դատողություն, աշխատասիրություն, հետևողականություն և պատասխանատվություն: Խորհրդարանին մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Որպես Հանրապետության նախագահ, իմ լիազորությունների սահմաններում, պատրաստ եմ համագործակցության և աջակցության, հա մատեղ բողմնավոր աշխատանքի՝ ի շահ մեր Հայրենիքի և Ժողովրդի: Աստված մեզ պահապան», - եզրափակեց նախագահը։