7-րդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքները: Նիստը նախագահում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
«Հարգելի պատգամավորներ, այսօր ինձ համար շատ ուրախ պատվաբեր և միաժամանակ պարտավորեցնող պահ է։ Ես Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից խորապես շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն՝ ի դեմս նրա առաջնորդ հարգարժան պարոն Փաշինյանի, ազգային փոքրամասնություններն Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Թույլ տվեք «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, որպես տարիքով ավագ պատգամավոր, Ազգային ժողովի 7-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել բացված», - ասաց Հասանովը, և հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։
Այնուհետև նորընտիր խորհրդարանին օրհնանքի խոսք ուղղեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ապա ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին։ Այսօր դուք, իբրև վստահյալ ներկայացուցիչներ ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները։ Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ։ Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի, ակնկալություններ ունի բարեփոխումների», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Վեհափառ հայրապետը նաև նշեց. - «Մեր եկեղեցին, ինչպես մեր բազմադարյան պատմության ընթացքում, այսօր ևս շարունակելու է իր զործակցությունը բերել հայրենի իշխանությունների ազգաշեն նախաձեռնություններին։ Մեծարգո պատգամավորներ, Աստծո օրհնությունն ու շնորհներն ենք հայցում ձեզ և ձեր գործունեությանը։ Հայրենիքի հանդեպ ձեր սերը թող ուղղորդի և ուժ ու կորով պարգևի ձեզ, թող Տերն իր սուրբ աջի և խնամքի ներքո պահպանի ու օրհնի մեր ժողովրդին և սրբազան մեր երկիրը՝ խաղաղության մեջ և բարգավաճման ճանապարհին»։