Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ և միաժամանակ կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա ԱՄԷ բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր, ասված է ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի նիստերից մեկում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4 հազարից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: