Այսօր վաղ առավոտից Էջմիածնում բողոքի ակցիաներ էին ընթանում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։ Ցուցարարները փակել էին Էջմիածին-Երևան տանող ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը շարունակում է մեկը մնալ՝ կրկին կալանավորել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։
«Մանվել Գրիգորյանը՝ բանտում, էջմիածնեցին, երևանցին, հայը՝ տանը։ Քանի դեռ Մանվելը բանտում չէ, հայերն էլ փողոցում ասֆալտի վրա են», - ասաց բողոքի ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը։
Այսօր ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով ասաց՝ ճանապարհ փակելով հարցին լուծում չի տրվի, և դա ոչ արդյունավետ պայքար է։
«Ժողովուրդ ջան, սա հարցի լուծման ձև չի, սրանով մենք ոչ թե պայքարում ենք Մանվելի դեմ, սխալ ինֆորմացիա են ձեզ տվել, սրանով մենք Մանվելի դեմ չենք պայքարում, սրանով մենք խանգարում ենք մեր քաղաքացիներին, մեր հարազատներին, մեր բարեկամներին։ Համոզված եմ՝ շատերդ էլ ունեք բարեկամներ, հարազատներ, ովքեր հիմա խցանման մեջ կանգնած են ու ամեն վայրկյան էդ խցանումը մեծանում է։ Դուք ուզում եք բողոքի ակցիա անեք Մանվել Գրիգորյանի դե՞մ, թե՞ մեր քաղաքացիների դեմ, մի հատ հասկանանք։ Դե Մանվելի դեմ՝ ապա գնացեք Մանվելի տան դիմաց արեք», - նշեց Հայկ Սարգսյանը։
Ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման բողոքի ակցիաները սկսվել էին դեռ երեկվանից։ Նախ՝ Էջմիածնում, այնուհետև՝ Երևանում։ Երեկ, հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը հետաձգեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը։ Գրիգորյանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ նիստի հետաձգման պատճառը տեխնիկական է:
2018-ի դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։
Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Սակայն, ըստ պաշտպանական կողմի, առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը այլ հիմքեր ևս ունի, որոնք փաստաբան Արսեն Մկրտչյանը «նպատակահարմար չի գտնում» ներկայացնել:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։
Այսօր ճանապարհ փակած ցուցարարներին մոտեցան նաև ճանապարհին կանգնած մեքենաների վարորդներ՝ հորդորելով բացել ճանապարհը. - «Ունեք խնդիր դատական համակարգի հետ, էս ճանապարհում դատարանը չի լուծվում, ստեղ դատավճիռ չի կայացվում։ Դատարանը ունի տեղ, եկեք կազմակերպվեք, ես էլ ձեզ կմիանամ, բոլորով, ովքեր շահագրգիռ են, միանան, գնացեք դատարանի դեմ թիրախային պայքարեք։ Պայքարեցինք իշխանության դեմ՝ փոխեցինք իշխանությունը, պայքարեք դատարանի դեմ՝ փոխեք դատական համակարգը։ Ես ունեմ էս երկրում ազատ տեղաշարժման իրավունք, ամեն տեղ գնալու իրավունք։ Խնդրում եմ՝ բացեք ճանապարհը, տղերք ջան։ Դուք ձեր խնդիրը լուծել եք արդեն, տասնյակ հեռուստակամերաներ ձեր ասածը, ձեր ուղերձը հասցրել են իշխանություններին, իշխանության օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ստեղ ա արդեն, Նիկոլ Փաշինյանին էլ է ամեն ինչ հասել։ Մենք պայքարում ենք այսօր գործող իշխանության դեմ էս մեր ակցիայով՝ ճի՞շտ ենք անում, իհարկե ճիշտ չենք անում»։
Ցուցարարները մի քանի ժամ Երևան-Էջմիածին ճանապարհը փակ պահելուց հետո բացեցին, հայտարարելով՝ երկուշաբթի իրենց բողոքի ակցիաները շարունակելու են. - «Երկուշաբթի օրը, ժողովուրդ ջան, եթե դատարանում ինչ-որ բան էն չգնաց, որոշումը եղավ ոչ օրինական՝ բոլորով միասին ցույց ենք տալիս, թե ինչքան հզոր ժողովուրդ ենք մենք։ Դատից հետո ժամը 7-ին ամբողջ Հայաստանը կպարալիզացվի»։