Քաղաքապետարանը սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը պարզաբանել է՝ տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:
«Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում ևս, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթն իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, և նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում», - գրել է Հակոբյանը:
Նշածս տարածքներն ազատելուց և դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից: