2018-ին 404 մլն դրամի տնտեսումը, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, ճիշտ կառավարման արդյունք է

ԱԺ նիստ, արխիվ

2018 թվականին Ազգային ժողովի աշխատակազմը տնտեսել է 404 միլիոն դրամ, ևս 114 հազար լիտր բենզին, ընդհանուր առմամբ, չի ծախսել բյուջեով նախատեսված գրեթե 1 միլիոն դոլար։ 2017 թվականից խորհրդարանի աշխատակազմը ղեկավարած Արա Սաղաթելյանի խոսքով՝ այս տնտեսումը ճիշտ կառավարման արդյունք է եղել։

«Պատշաճ և կանոնակարգված տնօրինման հետևանքով։ Այսինքն, ուզում եմ դրա վրա Ձեր ուշադրությունը դարձնել, այնպես չի, որ ինչ-որ բաներ պլանավորել էինք, չենք արել՝ էդ փողը մնացել է։ Մենք արել ենք ինչ պլանավորել էինք, մենք արել ենք ավելի շատ ձեռքբերումներ, քան պլանավորել էինք տնտեսված միջոցների հաշվին, ու էդքան էլ դեռ մնացել է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Արա Սաղաթելյանը։

2017-ին նման տնտեսումներ, սակայն, չեն եղել։ Ինչպե՞ս է ստացվել, որ նույն գործառույթներն իրականացնող աշխատակազմը 2018-ին կարողացել է գրեթե 1 միլիոն դոլար պակաս ծախսել, հետաքրքվեցինք Արա Սաղաթելյանից։

«2017-ին մեր կողմից ներդրվող տնտեսվարման նոր մեխանիզմները մեզ թույլ տվեցին, որ մենք ավելի արդյունավետ օգտագործենք միջոցները 2018-ին։ Չեմ ուզում թվարկել, բայց մենք թողնում ենք մեծ քանակի գույք, որը հաջորդ աշխատակազմը կարող է սպառել։ Երբ որ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություններ», - նշեց խորհրդարանի աշխատակազմը ղեկավարը։

Արա Սաղաթելյանից առաջ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը այժմ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էր։

Ընդ որում 2018-ից առաջ Ազգային ժողովի բյուջեն Ֆինանսների նախարարությունը հեշտությամբ չի հաստատել, և ըստ Արա Սաղաթելյանի, իրենք բանավիճել ու հիմնավորել էին իրենց հատկացվելիք գումարի անհրաժեշտությունը։

«Բացի այդ, նախորդ տարի՝ 2017-ին 18-ի բյուջեն պահանջելուց մենք երկար դիսկուսիա ունեցանք Ֆինանսների նախարարության հետ, նենց չէր, որ բերեցին ու տվեցին։ Մենք բանավիճեցինք, մենք հիմնավորեցինք, և այլն, և այլն։ Մենք բերեցինք մեզ անհրաժեշտ ծավալի գումար, չհաշված ընթացիկ վերանորոգումների գումարը, որովհետև էս շենքը դեռ ունի շատ լուրջ խնդիրներ՝ կապված շենքի պահպանման հետ», - նշեց նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Արա Սաղաթելյանի նշած արդյունավետ կառավարումը վերաբերում է հիմնականում աշխատակազմի ծախսերին, քանի որ աշխատակիցների թվի կրճատում Ազգային ժողովում չի եղել։

«Հիմնական տնտեսությունը տեղի է ունեցել գնումներից։ Այն, որ գնումներից տեղի է ունեցել տնտեսություն, ըստ էության, կարող է ակնարկել այն հանգամանքի վրա, որ նախկինում գնումները կատարվում էին մսխումներով, իսկ այժմ աշխատակազմը, վախենալով իրավապահ համակարգից և վախենալով պատժից, որը Հայաստանում արդեն կոռուպցիոն հանցագործությունների համար որոշակի առումով դարձել է անխուսափելի, զերծ է մնացել կոռուպցիոն ձեռնարկներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Ազգային ժողովն ունի ավելի քան 720 աշխատակից, ներառյալ պատգամավորները, որոնց թիվը նախորդ գումարման ԱԺ-ում 105 էր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանից այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց ըստ մամուլի, Աժ նոր ղեկավարությունը աշխատակազմի կրճատումներ է նախատեսում։

Արա Սաղաթելյանի կարծիքով՝ սա մոտեցման հարց է. - «Ես կարծում եմ, որ երբ խոսում ենք լուրջ պետական կառույցների աշխատակազմերի մասին, համակարգված արտադրություն չի, ներողություն արտահայտությանս համար, կոնֆետի ցեխ չի, որ ասես 10 հոգի պետք է փաթեթավորի, որ ամիսը արտադրեն մեծ քանակությամբ, որովհետև մարտահրավերները և եկող պահանջարկը փոփոխական է, այսինքն՝ կարող է միջազգային վարչության 20 հոգին կարող են բնականոն աշխատանքի պայմաններում սպասարկել, բայց կրիզիսային պայմաններում կարող է 20-ը լինի քիչ»։

Քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասում է՝ չի պատկերացնում, թե ավելի քան 600 հոգի ինչ աշխատանքով է զբաղված Ազգային ժողովում։

«Ես ճիշտն ասած 2010-11 թվականներին աշխատել եմ Ազգային ժողովում և չեմ կարող պատկերացնել, թե 700 հոգի Ազգային ժողովում ինչ է անում։ Երբ ես էի աշխատում, իմ մոտ տպավորություն էր, որ այդ շենքում ռեալ աշխատող, գործ անող 100, առավելագույնը 200 հոգի կա», - ընդգծեց նա։