Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները կարևորագույն ձեռքբերում է համարում։ Այն պետք է պահպանել և զարգացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Մուկուչյանը:
«Ազատություն». - Էլի կարծո՞ւմ եք այս ընտրություններից հետո, որ տարբեր տարիների ընդդիմության գնահատականները, մինչև վերջին երկու ընտրությունները, իրականությանը չեն համապատասխանել, թե այդ ընտրությունները կեղծվել են հօգուտ Հանրապետականի։
Տիգրան Մուկուչյան. - Գիտեք, համենայն դեպս խնդիրը հետևյալն է՝ ես բազմիցս առիթ ունեցել եմ այդ մասին նշելու, որ քվեարկության արդյունքները հաշվվում, ամրագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որից հետո դրանք փոխանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Ազատություն». - Այսինքն մնում եք Ձեր կարծիքին։
Մուկուչյան. - Իհարկե մնում եմ իմ կարծիքին։
«Ազատություն». - Որ ընտրությունները կեղծված չեն եղել։
Մուկուչյան. - Եթե կան տեղամասային ընտրական հանձնաժողովներում կազմված արձանագրություններ, այդ արձանագրություններում ամրագրված տվյալներ, այդ տվյալները փոխանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և նույնությամբ արտացոլված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ավելին՝ մեր ընտրական օրենսդրության իրավակարգավորումների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի իրավակարգավորումներն այնպիսին են, որ մենք քվեարկության արդյունքները հրապարակում ենք նույնիսկ տեղամաս առ տեղամաս, երբ յուրաքանչյուրը կարող է դրանք ստուգել, պարզել, համոզվել։
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ միջազգային դիտորդները տվեցին այդպիսի գնահատականներ, որոնք նախկինում չէին տրվում։
Մուկուչյան. - Գիտեք, ես կառաջարկեի ավելի շատ մտածել, թե ինչու տվեցին, այլ ավելի շատ կառաջարկեի մտածել, որ սա իրավամբ կարևորագույն ձեռքբերում է, այն պետք է պահպանել և զարգացնել։
«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, և ավանդական դարձած հարցը Ձեզ վերջին ամիսներին տրվող՝ Դուք պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ, թե՞՝ ոչ։
Մուկուչյան. - Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի գործառույթներ, որոնք իրականացնում է, մենք հիմա ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, պատրաստվում ենք այդ ընտրություններին, արդեն որոշակի գործառույթներ նույնիսկ սկսված են, հետևաբար պետք է պատշաճ կերպով կազմակերպենք և անցկացնենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։