ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել․ այս կարծիքին է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզոյանը, ով 2018 թվականի մարտին, երբ ՀՀԿ-ն էր նման նախագիծ բերել, դեմ էր, որպեսզի ուժային կառույցները ենթարկվեն անմիջապես վարչապետին և ոչ թե կառավարությանը կամ խորհրդարանին:
«Ազատության» հարցին, թե արդյոք առաջարկելու է, որպեսզի փոփոխեն այդ կետերը և ուժային կառույցները ենթարկվեն գոնե կառավարությանը, եթե ոչ խորհրդարանին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. - «Նաև դա է քննարկվում իսկապես։ Կլինի վերջնական տեսք էդ նախագծի, էն ժամանակ կխոսենք նաև դիրքորոշման մասին։ Իմ անձնական դիրքորոշումը արդեն դրսևորվել է իմ ներկայացրած առաջարկներով։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել»։
«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը քննարկումներից հետո միայն կորոշի, թե ինչպես քվեարկել գործադիրի ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որն ամենայն հավանականությամբ կլինի նորընտիր Ազգային ժողովի առաջին օրենդրական փոփոխություններից մեկը:
Նախկինում ՀՀԿ-ի այս որոշումը քննադատած առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, նշում է՝ որոշակի առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են հարցին մասնակի լուծում տալ․ - «Երբ որ մենք խոսում էինք այդ մասին, մենք խոսում էինք ոչ միայն ուղղակի ենթակայության համար և մասին, այլ նաև՝ օրինակ, Ազգային ժողովում հաշվետու լինելու, թափանցիկության առումով։ Խնդիրը մի քանի կոմպոնենտներ ունի, և գուցե մասնակի լուծում տրվի, չգիտեմ։ Կարող է լինել ոստիկանություն, որը գա Ազգային ժողով և ներկայացնի հաշվետվությունները, որովհետև մենք նաև դրանից ենք բողոքում, որ մի շարք պաշտոնյաների չենք տեսնում խորհրդարանում»։
Նոր կառավարությունը կձևավորվի արդեն փոփոխվա՞ծ, թե՞ հին օրենքով, իշխող մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունից դեռևս չեն հստակեցնում: Ավելի վաղ նախագծին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը մի շարք վերապահումներ ունի նախագծի հետ կապված և պատրաստվում է հանդես գալ այն նույն առաջարկությունների փաթեթով, որը ժամանակին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ ներկայացրել էին ՀՀԿ-ին: Իսկ թե ինչպես կքվեարկի մեծությամբ երկրորդ ուժ ԲՀԿ-ն, խմբակցությունում դեռևս որոշում չկա։
«Քննարկում չի եղել։ Բնական է, նախագիծը պետք է անցնի հանձնաժողովով, հանձնաժողովում քննարկում կլինի, խմբակցությունում քննարկում կլինի», - ասաց ԲՀԿ խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը։
Հարցին, թե այս տեքստով արդյոք իր հավանությանն արժանացել է, Պետրոսյանը պատասխանեց. - «Չէ, տեքստին ծանոթ չեմ։ Ընդամենը պետք է ծանոթանալ տեքստին, տեսնել ինչ շահեկան կողմեր ունի, ինչպիսի ռիսկեր է պարունակում, նոր կարծիք հայտնել։ Պետք չի շտապողականություն: Սա իսկապես կարևոր նախագիծ է, մանավանդ, երբ որ խոսվում է հայկական սփյուռքի հետ կապերը պահող հաստատության մասին, մշակույթի մասին, որը մեր կյանքի կարևոր բաղադրիչն է, դրա համար չշտապենք գնահատականներ տալ։ Թող նախագիծը լինի, ծանոթանանք, անպայման գնահատականներ կհնչեցնենք։ Չի լինելու մի այնպիսի նախագիծ, որի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» առանձին կարծիք չունենա»։
Նախագծը ենթադրում է նաև նախարարությունների փոփոխություններ: Թվով 17 նախարարություններից կմնա 12-ը: