Դատարանը բավարարեց Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն այլևս չի զբաղվի այս գործով:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի փոխանցմամբ, դատարանը բավարարեց դատախազության և քննիչի՝ երեկ Բաղդասարյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Փաստաբանական խմբի կարծիքով, գրավի միջնորդության քննությունն անհարկի ձգձգվում է․ Արամ Օրբելյանն այսօր ասաց, որ այստեղ ակնհայտորեն տեսնում են արդարադատությունից խուսափելու փորձ:

«Որովհետև որևէ նոր բան չկար», - փաստարկեց նա: - «Բոլոր հանգամանքները, որ երեկ հնչեցվել էին, հայտնի էին դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, ամսի 28-ին քննության ժամանակ, և եթե դատարանը գտնում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իրենց անկախությունը, և դա կարող է անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, ինքը կարող էր ամսի 26-ին, հետո 28-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր»:

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը երեկվա նիստից հետո տեղեկացրեց, թե դատախազությունը որպես հիմք նշել է այն հանգանքը, որ «նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ ընտանիքները մտերիմ հարաբերությունների մեջ են եղել»: Ալումյանը չէր նշել, թե ում մասին է խոսքը:

Գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանն քննությունը կշարունակվի նոր դատավոր նշանակելուց հետո, ինչը, ըստ փաստաբանական խմբի, պետք է օրերի հարց լինի:

Երկրորդ նախագահն անազատության մեջ է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացվել էր դեռ անցած տարի՝ դեկտեմբերի 28-ին: Նիստն այս հարցով արդեն երրորդ անգամ է հետաձգվում:

Արամ Օրբելյանից նաև տեղեկացանք, որ առաջիկայում փաստաբանական թիմը մի քանի դիմում է ներկայացնելու Սահմանադրական Դատարան: Երեկ հայտնի դարձավ, որ մեկ դիմում արդեն ներկայացրել են ՍԴ․ խնդրահարույց են համարում Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:

Նոր դիմումները, Օրբելյանի փոխանցմամբ, առնչվում են կալանքի կիրառման պայմաններին և հիմքերին․ - «Անձը, չորս ամիս գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չխոչընդոտելով վարույթը, չթաքնվելով, նոր հանցագործություն չգործելով, միևնույն է, մեր Վերաքննիչ դատարանը, երկրորդ անգամ գործը քննելով, ասում ա՝ ես էդ հանգամանքին չեմ կարող ուշադրություն դարձնել, որովհետև ես ընդամենը քննարկում եմ չորս ամիս առաջ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը: Ու դա առաջացնում ա զգալի օրենսդրական բաց, որովհետև արդյունքում ստացվում ա, որ եթե նույնիսկ ընդունենք, որ առաջին ատյանի դատարանը առաջին անգամ կալանավորելիս իրավաչափ ա գործել, դա դեռևս չի նշանակում, որ չորս ամիս հետո Վերաքննիչ դատարանը իրավունք կունենա նույնպես կալանավորել՝ հաշվի չառնելով այս չորս ամիսների պրոցեսը: Դա առաջացնում է անձի սահմանադրական մի շարք իրավունքների, տվյալ դեպքում ազատության իրավունքի և դատական պաշտպանության իրավունքի խաթարում: Բացի դրանից, ունենք նաև անձեռնամխելիության հետ կապված հարց, որին կանդրադառնանք ոչ թե այս փուլում»:

Նախկին նախագահն ու նրա փաստաբանները շարունակում են հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Մինչդեռ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է․ - «2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա Պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը»:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էրվերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Դեռ անցած տարի՝ դեկտեմբերի 28-ին նախկին նախագահի փաստաբաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան՝ չնշելով գրավի չափը։ Դատարանը հարցի քննությունը հետաձգեց մինչև 2019-ի հունվարի 9-ը։ Երեկ միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդության պատճառով։