«Մենք փորձեցինք ցույց տանք, որ Երևանը տեր ունի, որ այլևս նման բաներ թույլ չենք տալու», - ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ շարունակելով․ - «Եղան քաղաքացիների, լրագրողների, մեր ավագանու անդամների և տարբեր շահագրգիռ մարդկանց դիտողությունները, որ արդյոք մարդիկ, որ հիմա զբաղվում են դրանով, տուն են պահում․․․ Բայց իրականում դա չի կարող լինել քաղաքի տեսքի, մնացած բնակիչների անցուդարձի խոչընդոտելու հաշվին։ Խոսքը գնում ա ուտելիքի մասին, որն ուտում ենք մենք, մեր երեխաները: Ուտելիքն ընկնում ա գետնին, ցեխի վրա...»
Կենտրոնում փողոցային առևտրով զբաղվողներին առաջարկվում է տեղափոխվել «Գումի շուկա», որտեղ օրական վճարը կազմում է մինչև 500 դրամ։
Վիկտոր Մնացականյան․ - «Մենք ճշտել ենք, որ իրենք առևտուր են անում [օրական] 50-100 հազար դրամ, և մարդիկ էս դեպքում չեն ցանկանում 200 դրամ վճարել։ Մենք էստեղ էլ ավել բանով չենք կարող օգտակար լինել: Մենք իրոք չենք կարող թույլ տալ, որ, ասենք, Մաշտոցի պողոտայում մարդիկ զբաղվեն նման բաներով: Փորձը նաև ցույց ա տալիս, որ գնալով, եթե [նախկինում] վաճառում էին միրգ, հետո միրգը դառավ բանջարեղեն, բանջարեղենը դառավ ձուկ... ու գնալով շատացան: Դա գալիս ա նրանից, որ տարիներով մենք հետևողական չենք եղել Երևանի մայթերի հարցում: Դրեցին ֆրեշի ապարատ, հետո կոֆեի, հետո էս, հետո էն․․․ համոզված եմ, գնալով շատանալու են, եթե մենք հիմա դեմը չառնենք»:
Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ իրենք շուկաներից մեկում առաջարկում են 6 ամիս աշխատել առանց վարձավճարի, իսկ դրանից հետո օրական վճարը կկազմի 300 դրամ․ - «Նույնիսկ բողոքում էին խանութի տերերը, որովհետև հարկային դաշտում աշխատում են, օրինական, գրանցված աշխատող, վարձակալում են տարածք: Մարդիկ կրկնակի, եռակի ծախս են անում, որպեսզի շահույթ ստանան, գումար են, էսպես ասած, դուրս տալիս: Հիմա էս պարագայում մարդիկ գալիս են իրանց տարածքի դիմաց, ուղիղ խանութի դիմաց ապօրինի առևտուր անում: Բնականաբար վնաս է տվյալ տնտեսվարողին»։
Շենգավիթում մոտ 300 հոգի զբաղվում էր փողոցային առևտրով։ 200 հոգու տեղ շուկաներից մեկն է առաջարկում, որտեղ, սակայն առայժմ առևտրականներից մի քանիսն են ընդամենը պայմանավորվածություն ձեռք բերել:
Փողոցային առևտուրն իրենից ենթադրում է ընդամենը 4 տեսակի ապրանքի վաճառք՝ ծաղիկ, զովացուցիչ ըմպելիք, պաղպաղակ և տոնածառ։
«Մարդիկ որոշել են, որ ամեն ինչ կարելի է վաճառել, սկսեցին՝ մանդարինից, հետո դարձավ պոմիդոր, հետո կալգոտկաներ», - նշեց Ռազմիկ Մկրտչյանը:
Կենտրոնի ղեկավարն ասում է, որ փորձելու են նաև այլընտրանքային տարբերակ՝ շաբաթվա մեկ օրը փողոցներից մեկը դարձնել գյուղմթերքի շուկա։
Փողոցային առևտրով զբաղվողների մեծ մասը, սակայն, չի ցանկանում շուկայում աշխատել, ասում են՝ տեղն իրենց հարմար չէ, ծախսը շատ է, շուկայից առևտուր անողներն էլ քիչ են:
Հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի, բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: