Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա փաստաբանները միջնորդել են փոխել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինել գրավով:

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որոշումը ամենայն հավանականությամբ կհրապարակվի այսօր․ - «Մենք ընդհանրապես գտնում ենք, որ պարոն Քոչարյանը հիմա պիտի կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան այդ հարցով, և դեռ պարզ չի, թե Վճռաբեկ դատարանը երբ էդ հարցին լուծում կտա։ Սա միջանկյալ միջոց է մեր կողմից․ դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան»:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: