ՀՔԾ․ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելը պայմանավորված չէր ՄԻԵԴ միջանկյալ որոշմամբ

Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ծավալուն մեկնաբանություն է տվել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանների հայտարարությունների վերաբերյալ։ Չհրապարակելով, թե ինչ գործի շրջանակում է մեղադրվում Մայրապետյանը, ՀՔԾ-ն հայտարարում է, որ խոսքը խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամին համարժեք մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։

Մայրապետյանի պաշտպանները պնդում են, թե ՀՔԾ-ն անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիա մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ:

Երեկ, երբ ՀՔԾ-ն վերադարձրեց Մայրապետյանի անձնագիրը, նրա փաստաբան Կարեն Բատիկյանը դա պայմանավորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջանկյալ որոշմամբ։ ՄԻԵԴ-ը այս առնչությամբ հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը։ Մայրապետյանի գործը քննող իրավապահ կառույցը, մինչդեռ, պնդում է՝ անձնագիրը վերադարձվել է նրա կալանքը փոփոխելուց հետո, երբ պաշտպանները այդ հարցով դիմել են իրենց։

Վարույթն իրականացնող մարմինը վկայակոչում է այն իրավական ակտերը, որոնց հիման վրա ՀՔԾ-ն իրավունք ունի կասկածյալ կամ մեղադրյալ համարվող քաղաքացու անձնագիրը ժամանակավորապես պահել իր մոտ։ Ըստ դրա, ՀՔԾ-ն իրավունք ունի իր մոտ պահել նաև կալանավորված կամ ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառված քաղաքացու անձնագիրը։ ՀՔԾ-ն պնդում է, որ անձնագիրը Մայրապետյանին են վերադարձրել նրա պաշտպանների միջնորդությունը ստանալուց հետո։ Օրենքով՝ «Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում»:

Մեղադրյալ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին՝ աշխատանքային օրվա վերջին, և ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ոչ աշխատանքային օրը: «Նշված միջնորդությունները քննության են առնվել օրենքով սահմանված կարգով՝ դրանք ներկայացվելուց հետո հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի հունվարի 8-ին, և կայացվել է համապատասխան որոշում. միջնորդությունը՝ անձնագիրը Սամվել Մայրապետյանին վերադարձնելու մասով, բավարարվել է, իսկ արտերկիր մեկնելու
մասով մերժվել՝ նկատի ունենալով այն մեծ հավանականությունը, որ վերջինս կթաքնվի քննությունից», - հայտարարում է ՀՔԾ-ն։

Միևնույն ժամանակ, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ
իրականությանը չի համապատասխանում Սամվել Մայրապետյանի պաշտպանական
կողմի այն հայտարարությունը, թե պաշտպանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը քննիչը բանավոր մերժել է: Թե՛ գրավոր և թե՛ բանավոր միջնորդությունները ըստ օրենքի պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում, ընդգծում է ՀՔԾ-ն:

Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին է տրամադրել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթեր:
Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման համար անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, սակայն փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ըստ ՀՔԾ-ի, պաշտպանների խմբի այն պնդումը, որ Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված՝ լեղածորանից քարի
հեռացման վիրահատությունը հնարավոր է արտերկրում, միանշանակ չէ, քանի որ ստացված տեղեկությունների համաձայն՝ նման վիրահատություն իրականացվում է նաև Հայաստանում։ «Սա էլ հիմք ընդունելով՝ վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն ենթադրում է, որ Սամվել Մայրապետյանը, մեկնելով արտերկիր, կարող է թաքնվել քննությունից», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորում է այսուհետ ձեռնպահ
մնալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գործունեությունը «ստվերելու
նպատակ հետապնդող և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից»: