Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:

Ըստ Քոչարյանի փաստաբանական խմբի հաղորդագրության, սահմանադրական վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն են, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պարզաբանեց՝ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը։

«Հիշում եք, որ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց, հետո մասնակի բավարարեց գլխավոր դատախազի բողոքը։ Վճռաբեկ դատարանը կիրառել էր Քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի առաջին մասը։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք կա, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին։ Առաջին հիմքը նա է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, այսինքն՝ Վճռաբեկ դատարանը պետք է մի հատ որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ տա ու սահմանի, որ էս օրենքն այսուհետ պետք է այսպես կիրառվի, խոսքը վերաբերվում էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին, բայց Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը սահմանված չէր օրենքով՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ օրենքում ընդհանրապես ոչինչ ասված չէ, Քոչարյանի անձեռնմխելիության հարցը դա Սահմանադրության մեկնաբանության խնդիր էր, և Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրությունը, այնինչ այդպես վարվեց։ Երկրորդ հիմքը, որով կարելի է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, եթե առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։ Այս դեպքում մի կողմից մարդու ազատության իրավունքն է, մյուս կողմից պետության շահն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակավորապես գտնվի անազատության մեջ, հիմա Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը գերակա է, երբ որ դատախազությունը վճռաբեկ բողոք է բերում սրա դեմ, ու բողոքը պատճառաբանում է նրանով, որ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է աբսուրդ, որովհետև պետության անունից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ առկա է հակառակ կողմի իրավունքի խախտում, տվյալ դեպքում մի կողմում պետության իրավունքն էր, մյուս կողմում մարդու իրավունքը։ Էս օրենքը Վճռաբեկ դատարանը՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելով, կիրառեց այնպես, որ այդ օրենքը սկսեց հակասել Սահմանադրությանը», - ասաց Ալումյանը։

Հաղորդագրության մեջ Քոչարյանի փաստաբանական խումբը նշել է, որ այս պահին քննարկում են նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, իսկ այդ մասին տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում։

Ալումյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հարցով ևս դիմում են պատրաստում՝ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Դատարանն այսօր կքննի Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդությունը։