«Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ». Հայկ Մարության

«Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ», այսօր քաղաքապետարանում` տարվա առաջին խորհրդակցության ժամանակ, ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ըստ հաղորդագրության, Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ռեժիմով:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլև ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս, բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքն ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ», - նշել է քաղաքապետը:

Աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում Մարությանը կարևորել է նաև մայրաքաղաքում աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովումը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում 5 հազար 200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8 հազարի: Երևանի քաղաքապետը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ:

Բացի այդ, հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերը աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք և հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին, ինչը նաև իրենց համար է շահավետ:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9 հազար 334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18 տոկոսը: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում դասընթացի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է:

Մարությանը մի շարք հանձնարարականներ է տվել նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրի առնչությամբ: Հանձնարարվել է վերանայել խաղահրապարակների կահավորման համար համապատասխան գույքի չափորոշիչներն՝ առաջնահերթ համարելով անվտանգության ապահովումը: